Հասարակական

Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել

2 րոպեի ընթերցում

Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի պետությունը ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ արել է 5 մլրդ դրամի խնայողություն, որը կվերաբաշխվի այլ ճանապարհների շինարարության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Գևորգ Պապոյանի հարցին:

Պապոյանը նկատեց, որ դասական բյուջետավորման կանոնների համաձայն բազմաթիվ տողերով առկա է թերակատարում: Օրինակ x ճանապարհը կառուցելու համար նախատեսվել է 1 մլրդ դրամ, բայց 600 մլն դրամն է ծախսվել: «Սակայն, երբ ծրագրային բյուջետավորման կանոններով ենք նայում, տեսնում ենք, որ ճանապարհը կառուցվել է: Ավելի քիչ բյուջետային միջոցներով նպատակներն իրականացվել են, խնայված գումարներով հանրային այլ կարիքներ են հոգացել»,-ասաց Պապոյանն ու հարցրեց, թե արդյոք կարելի է պնդել, որ նախկինում այդպիսի տոկոսներով գողացվել են պետական բյուջեի միջոցները:

«2019-ի աշխատանքների արդյունքում, ընթացիկ տարվա ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ ունենք 5 մլրդ դրամի խնայողություն: Նոր գնման ընթացակարգի և դրա արդյունքների մասին է խոսքը: Սա ենթադրում է նաև, որ այդ նույն 5 մլրդը վերաբաշխվել է, և հավելյալ այլ ճանապարհների շինարարություններ նույնպես տեղի կունենան»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը նկատեց, որ կառավարումից մեծապես կախված է արդյունավետությունն ու դրամական միջոցների ճիշտ օգտագործումը: Խնդիրը հետևողականության, ընթացակարգերին հետևելու մեջ է: Նա չցանկացած գնահատականներ հնչեցնել, թե նախկինում որտեղ ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել, հիշեցրեց, որ իրավապահ մարմինները հետևողականորեն դրանով զբաղվում են, բացահայտում են:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում