Մեկ օրում անչափահասների հարցաքննության առավելագույն ժամկետը կկրճատվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Սոնա Ղազարյանի կողմից ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են բարձրացնել երեխաների իրավունքների պաշտպանվածության մակարդակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում և քրեական արդարադատության շրջանակում:
Առաջարկվում է արգելել անչափահասների ներկայացուցիչ լինել այն անձանց, որոնք հանդիսանում են քրեական գործով դատավարության մասնակից: Առաջարկվում է անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամկետը 6 ժամից նվազեցնել մինչև 4 ժամի:
Սահմանվել է նաև հարցաքննության մասնակից դարձնել հոգեբանին՝ միաժամանակ նրան իրավունք տալով անմիջականորեն անչափահասներին հարցեր տալ, որոնք պետք է արտացոլվեն քննչական գործողության արձանագրության մեջ:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 113 «կողմ» ձայնով:
Նորայր Շողիկյան