Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է․ ոստիկանություն

Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով 
արգելվում է․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցնում է, որ Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության տարածած հաղորդագրությունը․

«Անվտանգ երթևեկության առաջին նախապայմանը երթևեկության կանոնները պահպանելն է, ինչը միայն լուսացույցներին ու տարբերանշաններին հետևելով չի սահմանափակվում: Մեքենա վարելիս անհրաժեշտ է չխաթարել քաղաքացիների անդորրը: Շրջակա միջավայրին և բնակչությանն էկոլոգիական վնաս չպատճառելու համար տրանսպորտային միջոցից արտանետվող գազի քանակը նույնպես պետք է նորմայի սահմաններում լինի: Բայց կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու համար: Աղմուկն անհանգստացնում է քաղաքացիներին, իսկ խլացուցիչից արտանետվող գազերն այլևս նորմայի սահմաններում չեն:

Կան և վարորդներ, ովքեր մեքենան գնում են` չիմանալով, որ խլացուցիչը վերասարքավորված է: Երկու դեպքում էլ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելով նման տրասնսպորտային միջոցներ` վարորդներին հորդորում են տեխսպասարկման կետերում վերացնել թերությունները: Փորձագետները փաստում են, որ շուկայում կան հեռակառավարման վահանակով կառավարվող սարքեր, որոնց միջոցով վարորդները, սպորտային մեքենայի ձայն ստանալու համար, դարձյալ վերասարքավորում են խլացուցիչները, ինչը նույնպես անթույլատրելի է: Պատկերը բոլորովին այլ է, երբ խլացուցիչի ձայնը թեև բարձր է, բայց մեքենան գործարանային վիճակում է:

Այս դեպքում շարժիչն աշխատում է բնականոն ռեժիմով, վառելիքի գերածախս չի լինում և արտանետվող գազի քանակը նորմայի սահմաններում է: Բարձր ձայնով երթևեկելու նպատակով խլացուցիչները վերասարքավորելն օրենքով անթույլատրելի է: Եվ ճանապարհային ոստիկանությունը հետևողական է այս հարցում: Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունների ընթացքում ճանապարհային ոստիկաններն առանձնակի ուշադրություն են դարձնում և հայտնաբերում են վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ:

Նման մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` 123-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչպես և վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում նա վերացնի թերությունը և տրանսպորտային միջոցը ներկայացնի ճանապարհային ոստիկանություն:

Հորդորում ենք բոլոր այն վարորդներին, ովքեր առանց թույլտվության բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորել են իրենց տրանսպորտային միջոցների խլացուցիչները, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար վերացնեն թերությունները: Սա ճանապարհային երթևեկության այն կանոնն է, որը պահպանելով` պահպանում ենք մեր քաղաքացիների անդորրը, էկոլոգիապես մաքուր պահում մեր երկիրը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]