Հասարակական

Խորհրդարանը քննարկեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան

3 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019-ի առաջին կիսամյակում քննվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների 51 գործ: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մայիսի 8-ի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը:

Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2010 թվականին: «Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է՝ ուղղված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելուն, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը: Կոնվենցիայի անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն»,-ասաց Գրիգորյանը:

Փոխնախարարը ներկայացրեց վերջին 3 տարվա ազգային վիճակագրությունը: 2017-ին Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 գործ, որից 101-ը եղել են սեռական բնույթի: 2018-ին քննված գործերի քանակաը եղել է 317, որից 76-ն է եղել սեռական բնույթի: Իսկ 2019-ի միայն առաջին կիսամյակի տվյալներով 209 քրեական գործ է եղել, որից միայն 51-ն են եղել սեռական բնույթի գործեր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դատապարտելով երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, կոնվենցիայի որոշ դրույթներ, սակայն, համարեց խնդրահարույց: Պատգամավորն առաջարկեց քրեական օրենսգրքում խստացնել երեխաների իրավունքների և լավագույն շահերի դեմ ուղղված հանցագործությունների համար պատժելիությունը, արմատապես վերանայել քրեական քաղաաքականությունը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում