Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

«Օղակ» գործողություն․ միջազգային արձագանքը

«Օղակ» գործողություն․ միջազգային արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1991թ. ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի հանցավոր համաձայնությամբ մեկնարկեց ԼՂԻՄ Շուշիի, Մարտակերտի, Հադրութի շրջանների, Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի մի շարք հայաբնակ գյուղերի, Գետաշենի ենթաշրջանի, ինչպես նաև ՀՀ  Նոյեմբերյանի, Գորիսի, Իջևանի և Շամշադինի շրջանների որոշ գյուղերի բնակչության դեմ ուղղված «Օղակ» լայնամասշտաբ ռազմա-ոստիկանական գործողությունը։ Գործողության թիրախում առաջինը հայտնվեցին Ադրբեջանի ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշենի ենթաշրջանի (1989 թ․ ենթաշրջանը որոշում էր ընդունել միավորվել Շահումյանին) Գետաշեն (ներկ.՝ Չայքենդ) և Մարտունաշեն (ներկ.՝ Ղարաբուլաղ) հայկական գյուղերը:

Խաղաղ բնակչության դեմ իրականացվող ագրեսիվ ռազմական գործողությանը ներգրավվել են ԽՍՀՄ Անդրկովկասյան օկրուգի 4-րդ բանակի 23-րդ մոտոհրաձգային և Շամխորում տեղակայված 104-րդ օդադեսանտային դիվիզիաների ստորաբաժանումները, ԽՍՀՄ ՆԳՆ Բաքվի գնդի ստորաբաժանումները, ինչպես նաև Ադրբեջանի ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ՄՀՆՋ)։

Գործողությունը հստակ սխեմայով էր իրագործվում. խորհրդային բանակի ստորաբաժանումները շրջափակում էին հայկական գյուղերը, որից հետո գյուղ էին ներխուժում ադրբեջանցի օմօնականները:  Ստեղծում էին կյանքի համար անհամատեղելի պայմաններ, գերեվարում մարդկանց, խոշտանգում, բռնություն կամ բռնության սպառնալիք կիրառում, կողոպտում, թալանում, որից հետո ենթարկում հարկադիր բռնագաղթեցման:

«Կարնեգի» հիմնադրամի բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալի բնորոշմամբ՝ գործողությունը «առաջին և վերջին խորհրդային քաղաքացիական փոքր պատերազմն էր, անհավասար պատերազմ, որի մի կողմում տեղաբնիկ հայությունն ու վերջիններիս օգնության եկած կամավորներն էին, մյուս կողմում՝ խորհրդային ստորաբաժանումները, որոնց աջակցում էին ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատները»։

Գետաշեն և Մարտունաշեն գյուղերում իրադրությունը խիստ լարված էր դեռ մինչև գործողության իրականացումը, որի  մասին վկայությունները բազմաթիվ են [“Нагорный Карабах: факты против лжи՚՚, Арсен Мелик-Шахназаров, стр. 316]։ 1990թ. սեպտեմբերի 14-ին ԽՍՀՄ ՆԳՆ փոխգնդապետ Ալ. Իշչուկի՝ Հայաստանի հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթում վերջինս մեղադրել է ԽՍՀՄ իշխանություններին ներքին զորքերը խաղաղ բնակիչների դեմ օգտագործելու համար, հատկապես՝ ԼՂԻՄ-ում։ Իշչուկը նաև նպատակահարմար չի համարել արտակարգ դրության վերացումն ու ներքին զորքերի դուրսբերումը ՀՀ-ից, ԼՂԻՄ-ից և Շահումյանի շրջանից՝ գտնելով, որ դա ավելի կսրի իրադրությունը և հնարավորություն կտա ադրբեջանական զինված կազմավորումներին ներխուժել ԼՂԻՄ և հաշվեհարդար տեսնել հայերի հետ [Ա․ Արշակյան․ Արցախյան գոյապայքար, էջ 137 (Եր., «Լինգվա» հր., 2004, 245 էջ)]։

Գետաշենի ենթաշրջանում, ՀՀ-ի և ԼՂԻՄ վերոնշյալ շրջաններում իրադրության լարվածության մասին է վկայում նաև Եվրախորհրդարանի 1991թ. մարտի 14-ի ընդունած բանաձևը, որով կոչ էր արվում ԽՍՀՄ պրեզիդենտ Մ. Գորբաչովին վերջ դնել Ղարաբաղի և հարակից հայաբնակ շրջանների բնակչության կանխամտածված և բռնի տեղահանությունը, դադարեցնել բնակիչների անվտանգության նկատմամբ ոտնձգությունները։

Սակայն այդ արձագանքները չխանգարեցին ո՛չ Կենտրոնին, ո՛չ էլ առավել ևս ԱԽՍՀ-ին հետ կանգնել հանցավոր համաձայնությամբ նախապես պլանավորված գործողության իրականացումից: 1991թ. ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Կիրովաբադում (Գանձակում)  տեղակայված ԽՍՀՄ զինված ուժերը՝ ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ համատեղ, շրջապատեցին Մարտունաշեն ու Գետաշեն գյուղերը: Մի կողմից՝ գյուղերի շրջակա բարձունքներից զրահամեքենաները սկսեցին գնդակոծել գյուղերը, մյուս կողմից՝ ուղղաթիռները, որից հետո սկսվեց խաղաղ բնակչության ջարդը, իսկ այնուհետև՝ բնակիչների բռնի տեղահանումը: Երկու հայկական բնակավայրերը վերջնականապես հայաթափվեցին մայիսի 8-ին:

Մայիսի 5-ին «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները Մոսկվայում, իսկ  ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի անդամները՝ Լենինգրադում ցույցեր անցկացրեցին Գետաշենի և Մարտունաշենի բնակիչների նկատմամբ իրագործած ապօրինի գործողությունների դեմ բողոքով: Իսկ մայիսի 6-ին Լենխորհրդում բարձրացվեց նշված գյուղերում իրականացված հայերի ջարդերի և տեղահանման հարցը [«Խորհրդային Ղարաբաղ», 07.05.1991թ.]:

Ապրիլի 26-ից խորհրդա-ադրբեջանական ուժերը պարբերաբար հարձակվել են ՀՀ-ի Գորիսի, Նոյեմբերյանի, Իջևանի և այլ շրջանների սահմանամերձ գյուղերի վրա։ Մայիսի 6-ին Ոսկեպար գյուղի մոտակայքում խորհրդային զինծառայողները դարանակալել և սպանել են ՀՀ ՆԳՆ-ի 11 ոստիկանի, ևս 3-ը մահացել է գերության մեջ՝ ստացված վերքերից։ Ոստիկանության շուրջ 40 աշխատակից գերեվարվել և հանձնվել է ադրբեջանական ՕՄՕՆ-ին։ Նրանց մեծ մասին ավելի քան 3 ամիս պահել են Կիրովաբադի (Գանձակ, ադր․՝ Գյանջա) բանտում և կտտանքների ենթարկել։ Մայիսի 6-ին ՀՀ ՆԳՆ-ի ևս մեկ աշխատակից սպանվել է Բարեկամավան գյուղի տարածքում։ Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծությունից զոհվել է նաև Ոսկեպարի 3 խաղաղ բնակիչ։

1991թ. Մոսկվա ժամանած ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կլեյբորն Փելը, նշելով, որ ԽՍՀՄ-ը պետք է ապահովի Միության հայ բնակչության անվտանգությունը, առաջարկեց ԼՂԻՄ-ը դուրս բերել ԱԽՍՀ ենթակայությունից՝ գտնելով, որ մարզը ադրբեջանցիների վերահսկողության տակ թողնելը կնշանակի էլ ավելի խորացնել բռնություները և նոր ընդհարումների առիթ տալ [Ա․ Արշակյան․ Արցախյան գոյապայքար, էջ 114]։

ԱՄՆ Սենատի 1991թ. մայիսի 17-ին ընդունած բանաձևում նշվել է, որ ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի կողմից ԼՂԻՄ-ի, Ադրբեջանի և Հայաստանի հայազգի քաղաքացիական անձանց դեմ հարձակումներն ավելի հաճախակի են դարձել: Խորհրդային և ադրբեջանական ուժերը ավերել և դատարկել են Լեռնային Ղարաբաղի և շրջակա հայկական գյուղերը, իսկ զինված միլիցիան սպառնում է Հայաստանի կայունությանն ու խաղաղությանը: Սույն բանաձևով Սենատը դատապարտել է «հարձակումներն անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց վրա», «ուժի չտարբերակված  կիրառումը, այդ թվում՝ Հայաստանի արևելյան և հարավային սահմաններում քաղաքացիական տարածքների գնդակոծությունները» և կոչ արել «վերջ դնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ուժի կիրառման ու ահաբեկման այլ մեթոդներին»:

Բանաձևում նաև նշվել է, որ Սենատը վերահաստատում է ԱՄՆ շահագրգռվածությունը ԽՍՀՄ-ում ժողովրդավարության և ինքնորոշման հաջողության հարցում: Այսինքն՝ Սենատը ևս փաստում է, որ ԽՍՀՄ-ը և Ադրբեջանը թույլ են տվել միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներ՝ բռնագաղթեցում, ագրեսիայի հանցագործություն, ուժի չտարբերակված կիրառում, մասնավորապես, քաղաքացիական  բնակչության նկատմամբ  ռազմական գործողությունների իրականացում, բռնության գործադրում կանանց, երեխաների և ծերերի նկատմամբ: Միաժամանակ Սենատն իր աջակցությունն է հայտնում ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Գետաշենում և Մարտունաշենում անմարդկային գործողություններով ուղեկցող բռնագաղթեցմանը մասին են վկայում նաև Ա. Սախարովի հիշատակի առաջին միջազգային համաժողովին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռ. Վիլսոնի և «Մեմորիալ» միջհանրապետական իրավապաշտպան կազմակերպության զեկույցները, որոնցում ևս արձանագրվել է, որ հայկական բնակավայրերում բռնագաղթեցումն ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով՝ սպանություններով, ծեծով, մարդկանց առևանգությամբ և գերեվարությամբ, սեփականության յուրացումով, կամ ստորացուցիչ գնի դիմաց գույքի ապօրինի ձեռքբերմամբ: Երկու զեկույցներում էլ նշվել է, որ բնակիչներին զենքի կամ ուժի գործադրմամբ հարկադրել են հանդես գալ Ադրբեջանը «ինքնակամ» լքելու «խնդրանքով»: 

Միջազգային մամուլի մի շարք արձագանքներում ևս վերահաստատվում է վերոգրյալը.

«Քրիսչըն սայընս մոնիթոր» (ԱՄՆ) թերթի անդրադարձում նշվել է. «Խորհրդային միության կազմում հայերն իրենց անվտանգության երաշխիքն էին տեսնում, իսկ այժմ ծավալվող դեպքերը հակառակն են ապացուցում»[ՀՀ ազգային արխիվ, ֆ. 1159, ց.11]։

«Վաշինգթոն փոսթ» (ԱՄՆ). «Երկկողմանի տվյալների համաձայն՝ մարտական գործողությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ ադրբեջանական միլիցիայի հատուկ ջոկատայինները տանկերի և զրահատեխնիկայի ուղեկցությամբ շարժվել են Ադրբեջանի արևմտյան մասում գտնվող հայաբնակ վայրեր… Հայերի մեծամասնությունը կարծում է, որ Կրեմլը, Ադրբեջանին պաշտպանելով, ուզում է ճնշում գործադրել իրենց վրա այն բանի համար, որ հրաժարվել են մասնակցել միութենական դաշնագրի ստորագրմանը» [ՀՀ ազգային արխիվ, ֆ. 1159, ց.11]։ Կարևոր է ավելացնել, որ 1990թ. մարտի 15-ին ԽՍՀՄ ժողպատգամավորների 3-րդ համագումարում որոշում կայացվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը կասեցնելու նպատակով քննարկել Միութենական նոր պայմանագիր կնքելու հարցը, որին Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հրաժարվեց միանալ: Հայաստանը հրաժարվեց նաև մասնակցել 1991թ. մարտի 17-ի՝ ԽՍՀՄ պահպանմանն ուղղված համամիութենական հանրաքվեին, որին Ադրբեջանի բնակչության 93,3 տոկոսը կողմ քվեարկեց։

«Коммерсантъ»-ը գրում է՝ Կրեմլը զենք է նվիրում Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ-ին, որն այդ զենքն ուղղում է հայ բնակչության դեմ [«Коммерсантъ», 20 мая, 1991]:

Չնայած միջազգային հանրության արձագանքին՝ գործողության իրականացումը չդադարեցվեց: Ընդհակառակը, այն մինչև 1991թ. օգոստոս ամիս նույն սխեմայով շարունակվեց ԼՂԻՄ-ի և ՀՀ-ի վերը նշված շրջանների գյուղերի հայ բանակչության դեմ, և կանխվեց միայն ԳԿՉՊ-ի պուտչի շնորհիվ։

«Օղակ» գործողությունը ցույց տվեց, որ միայն կազմակերպված ինքնապաշտպանության, սեփական զինված ուժեր ունենալու շնորհիվ է հնարավոր պաշտպանել բնակչության անվտանգությունը։ Հենց «Օղակ» գործողությունն էլ հիմք հանդիսացավ լարվածության կտրուկ աճին և արդյունքում հակամարտությունը տեղափոխվեց ռազմական հարթություն՝ հանգեցնելով պարտադրված պատերազմի, որի արդյունքում Արցախի բնակչությունը կարողացավ պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը։

Վանուհի Կարապետյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ