Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Խորհրդարանը հավանություն տվեց հեռավար աշխատանքի կազմակերպմանն առնչվող օրինագծին

Խորհրդարանը հավանություն տվեց հեռավար աշխատանքի կազմակերպմանն առնչվող 
օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսում է հեռավար եղանակով աշխատելու պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն, նաև արտաժամի ավելացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 117 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:
Սահմանվել են հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, և հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն է նախատեսվել: Հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չպետք է համարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն: Հստակեցվել է, որ գործատուն կարող է նաև չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար:
Նախատեսվել է նաև, որ գործատուի ցանկության դեպքում հարկադիր պարապուրդի վճարը կարող է լինել ավելին, քան ներկայումս՝ միջին ժամային աշխատավարձի երկու երրորդը: Եվ այս մասով տրվել է նաև հետադարձ ուժ: Անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի համար գործատուն կարող է նաև իր ցանկությամբ վճարել: Գործատուի համար նախատեսվել է պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով աշխատողին տրամադրվի իր չօգտագործված արձակուրդը՝ անհաղթահարելի ուժի ծագման դեպքում:
Նախատեսվել է նաև, որ այս իրավիճակով պայմանավորված գործատուն իրավունք չունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցներին նկատմամբ, որոնք իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներակայանում են աշխատանքի ավելի ուշ: Այն ծնողների համար, որոնք նախաուսումնական, ուսումնական հաստատությունների փակման կամ արձակուրդների տեղափոխման արդյունքում ստիպված են մնալ տանը և խնամել իրենց երեխաներին, ապա 2 ժամ ուշանալու դեպքում, նրանց աշպատվարձը կվճարվի ամբողջությամբ, իսկ 2 ժամից հետո աշխատավարձը կվճարվի փաստացի կատարած աշխատանքին համարժեք կերպով:
Ներկայիս կարգավորումով արտաժամյա աշխատանքը չի կարող լինել 4 ժամից ավելի՝ իրար հաջորդող երկու օրերի ընթացքում: Նոր կարգավորմամբ, նաև հաշվի առնելով, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որոշակի ոլորտներում գործատուները պահանջ ունեն աշխատուժի, արտաժամը ավելացվել է և հասցվել մինչև 8 ժամ՝ իրար հաջորդող 2 օրերի ընթացքում:
Հայաստանում, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, գործում է արտակարգ դրության ռեժիմ: Շատ գործատուներ աշխատանքը կազմակերպել են հեռավար եղանակով:


Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am