Հայաստանին ԱՄՀ-ի տրամադրած 280 մլն դոլարը կուղղվի COVID-19-ի հետևանքների մեղմացմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած 280 մլն դոլարը կուղղի նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
«Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ-ին տրամադրում է աջակցություն, որի ծավալը կազմում է 206 մլն հատուկ փոխառության իրավունք, որը դոլարային արտահայտությամբ կազմում է 280 մլն ԱՄՆ դոլար։ Այս միջոցները հասանելի են մեր կառավարությանը, քանի որ մենք շարունակաբար բարելավել ենք գործարար միջավայրը և ապահովել ենք ներդրումների պաշտպանությունը, ինչպես նաև բարեփոխումներ են իրականացրել։ Արդյունքում, միջազգային հանրության մոտ վստահություն է ձևավորվել, որ Հայաստանի Հանրապետությունն այս միջոցներն ուղղելու է կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանը»,- նշեց Ավանեսյանը։
Նա վստահեցրեց, որ այդ միջոցների ծախսելու հիմնական նպատակը լինելու է առողջապահական համակարգի զգալի հզորացումը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական շոկերի մեղմացումը։
«Սա առանց պայմանների վարկ է, այսինքն՝ Կառավարությունն է ընտրելու, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը։ Այս գումարի՝ ՀՀ կառավարությանը հասանելիությունը զգալիորեն հզորացնում է հակահամաճարակային միջոցառումների իրականացման կարողությունը»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Լիլիթ Դեմուրյան