Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տուրիզմի փորձագետները լավատես են և չեն շտապում հայտարարել զբոսաշրջային տարին կորած համարելու մասին

Տուրիզմի փորձագետները լավատես են և չեն շտապում հայտարարել զբոսաշրջային 
տարին կորած համարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Գաղտնիք չէ, որ զբոսաշրջությունն իր առանձնահատկություններով էապես նպաստում է տնտեսության կայուն զարգացմանը, եւ պարզ է, որ ոլորտի կրած վնասների հետեւանքով հարված է հասցվելու տնտեսությանը։ Եվ որպեսզի հնարավորինս մեղմենք զբոսաշրջության ոլորտի վնասները, կարողանանք ներգնա զբոսաշրջային ճյուղում ներգրավված խոշոր ընկերություններին վերադարձնել իրենց բնականոն աշխատանքին, պետք է նրանց խնդիրներին ու առաջարկներին էլ ականջալուր լինենք։

Այսպես, եթե որոշ տուրընկերությունների ղեկավարներ խնդրի արդյունավետ լուծում են համարում նախորդ տարվա շահութահարկի վճարման վերադարձման տարբերակը, ապա «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի անդամ, ներգնա տուրիզմով զբաղվող խոշոր տուրօպերատոր Սուսաննա Սմբատյանը շահութահարկով աշխատող մի շարք ընկերությունների հետ աջակցության այլ մեխանիզմ է դիտարկում։ «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում նա ասաց, որ ՀՀ կառավարություն են պատրաստվում ներկայացնել փաթեթ, որում առաջարկում են հետաձգել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային եղանակի մասին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը։

«Միակ բարենպաստ ու արդյունավետ տարբերակը, որ ուզում ենք կառավարություն ներկայացնել, դիմումների վերջնաժամկետը երկարացնելն է, որպեսզի կարողանանք հասցնել այս ժամանակահատվածում հայտարարություն տալ եւ փոփոխել շահութահարկի վճարման եղանակը։ Սովորաբար, պետք է մինչեւ ընթացիկ տարվա մարտի 15-ը դիմում ներկայացվեր այն մասին, թե տնտեսավարողը շահութահարկի վճարման ինչ եղանակով է ուզում աշխատել։ Սակայն աշխարհն այնքան արագ իրար խառնվեց, որ դիմումների վերջնաժամկետի ներկայացման խնդիր առաջացավ։ Շահութահարկով աշխատող կազմակերպությունները յուրաքանչյուր տարի հաշվարկում են նախորդ տարվա շահույթը եւ ըստ ունեցած շահույթի 18 տոկոսի չափով կանխավճար անում եռամսյակային կտրվածքով։ Օրինակ, եթե մեր նախորդ տարվա շահույթի 18 տոկոսը կազմել է 100 մլն դրամ, ապա ընկերությունը պետք է եռամսյակը մեկ կանխավճար կատարի, ինչը մեզ համար մեծ ֆինանսական բեռ է այն պարագայում, երբ մեկ տարի կազմակերպությունը գոյատեւելու խնդիր է ունենալու»,-իր մտահոգությունը կիսեց Սուսաննա Սմբատյանը՝ հավելելով, որ կա տարբերակ, եւ տնտեսավարողները կարող են իրենք ընտրել՝ ի՞նչ տարբերակով են ուզում կատարել այդ կանխավճարները։

«Երկրորդ տարբերակով նպատակահարմար ենք գտնում շրջանառության 2 տոկոսի չափով շահութահարկի կանխավճար անել։ Ուստի ցանկանում ենք դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչեւ ապրիլ-մայիս ընկած ժամանակահատվածը»,-նշեց նա։ Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Սուսաննա Սմբատյանը, շահութահարկի այլընտրանքային վճարման եղանակին կողմ են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր տուրօպերատորները։

Ի՞նչ է կանխատեսվում առաջիկա ամիսներին, եւ ե՞րբ զբոսաշրջիկը դարձյալ ցանկություն կհայտնի ճամփորդելու՝ բարդ է կանխատեսել, սակայն ներգնա տուրիզմի փորձագետները դեռ չեն շտապում հայտարարել, թե ողջ զբոսաշրջային տարին կարելի է կորած համարել։ Ըստ Ս. Սմբատյանի, չեղարկումները դեռ շարունակվում են, եւ որքան ժամանակը մոտենում է ամրագրված ժամանակահատվածին, այնքան ավելանում են չեղարկումները։

«Հնարավոր է, այդուհանդերձ, կարողանանք պահպանել հոսքերը։ Չեղարկվում են առաջիկա երկու ամիսների ամրագրումները։ Զբոսաշրջիկների շրջանում դեռ հույս կա, որ օգոստոսից կկարողանան նորից ճամփորդել՝ ելնելով համավարակի նվազման միտումներից։ Եթե հաշվի առնենք, որ այն դեռ կարող է 2 ամիս պահպանվել, եւ եթե, լավագույն սցենարով, 1 ամիս էլ պահանջվի հետհամաճարակային հոգեբանական վիճակի հաղթահարման համար, ապա չբացառենք, որ զբոսաշրջիկները կարողանան օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հրաժարվել ամրագրման չեղարկումներից»,-ասաց զրուցակիցս՝ նշելով, սակայն, որ աշխարհում, բնականաբար, նույն ծավալներով մարդիկ այլեւս չեն ցանկանա ճամփորդել՝ հաշվի առնելով ե՛ւ պատուհասած ֆինանսական դժվարությունները, ե՛ւ երկրից երկիր տեղաշարժվելու դեռեւս պահպանված համաճարակային վախը։

Ինչ վերաբերում է փոքր ու միջին տուրիստական ընկերություններին, ապա, տուրօպերատորի գնահատմամբ, թիրախում ավելի շատ այս պահին խոշորների գործունեությունն է վտանգված, քանի որ աշխարհին Հայաստանը ներկայացնելու տարբեր խոշոր միջոառումները հիմնականում հենց խոշորներին է վերապահված։ Իսկ այդ ուղղությամբ ներդրած գումարները, ցավոք, արդեն իրենց նպատակին չեն ծառայելու։ Նրա դիտարկմամբ, շատ տուրիստական փոքր ընկերություններ ձգտելու են իրենց ծախսերը նվազագույնի հասցնել, ստիպված են լինելու կրճատումների գնալ։ Այս դեպքում պետության արտոնյալ վարկերի տրամադրումը նրանցից շատերին հնարավորություն կտա վերակազմակերպվել ու շարունակել գոյությունը։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]