Մշակույթ

Կրկեսային բոլոր ժանրերին տիրապետող արտիստը. մարտի 15-ը Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

6 րոպեի ընթերցում

Կրկեսային բոլոր ժանրերին տիրապետող արտիստը. մարտի 15-ը Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրկեսի դերասան, մնջախաղաց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը մեծ հռչակ է վայելել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև դրա սահմաններից դուրս: Նա իր տաղանդի շնորհիվ կարողացել է ավելի բարձր մակարդակի հասցնել մնջախաղացի, կրկեսի ծաղրածուի արվեստը՝ հանրության լայն շրջանակին հնարավորություն տալով էլ ավելի հարգել և սիրել այդ մասնագիտությունները:

Լեոնիդ Ենգիբարյանը մարտի 15-ին կդառնար 85 տարեկան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, որն աշակերտել է Ենգիբարյանին, պատմեց, որ մարտի 13-ին Ենգիբարյանի անվան մանկական դպրոց-ստուդիայում ծաղիկներ են խոնարհել նրա լուսանկարների առաջ, դպրոցի սաները ելույթներ են ունեցել, պատմել այն ամենը, ինչ գիտեն Ենգիբարյանի մասին՝ հարստացնելով միմյանց գիտելիքները:

«Երեխաները հարցնում են. «Աշխարհում այդքան ծաղրածուներ կան, բայց ինչո՞ւ են բոլորը սիրում Ենգիբարյանին»: Ես պատասխանում եմ՝ շեշտելով, որ Ենգիբարյանի կերպարն ամեն մեկը յուրովի է ընկալում: Երբ դերասանները կրկեսային ներկայացումներում ելույթ են ունենում, ծաղրածուն լրացնում է նրանց դադարները, իսկ Ենգիբարյանի դեպքում այդպես չէր: Նա ստեղծեց մի ներկայացում, որում նաև ես էի ընդգրկված դհոլների հայտնի համարով, այդ բեմադրությունում մենք՝ դերասաններս, լրացնում էինք նրա՝ ծաղրածուի դադարները: Ենգիբարյանի մեծությունը նաև դրանում էր»,-ասաց Սոս Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ Լեոնիդ Ենգիբարյանն առաջին անգամ կրկեսային արվեստում համադրեց դերասանի վարպետությունը կրկեսային հնարքների հետ: «Նա տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին: Ելույթ էին ունենում ակրոբատները, հետո գալիս էր Ենգիբարյանն ու կրկնօրինակում էր ակրոբատներին՝ ցույց տալով այդ ժանրի բոլոր բարդությունները»,- շեշտեց Պետրոսյանը:

Նա վերհիշեց Լեոնիդ Ենգիբարյանի հետ կապված մի հետաքրքիր դեպք, որը ներկայացրեց մեր ուշադրությանը: «Ենգիբարյանը շատ էր սիրում գեղեցիկ կանանց: Կարող էր փողոցում հավանել մեկին և նրա համար նվեր գնել: Նա բավականին մեծ գումարներ էր վաստակում, բայց աշխատավարձ ստանալու հաջորդ օրն արդեն մոտը գումար չէր ունենում: Ես հորիցս փող էի խնդրում և պարտքով տալիս նրան: Մի անգամ ինձ խնդրեց իրեն տալ իմ կոստյումը, ես էլ իրենը վերցրեցի: Պարզվեց, որ իր կոստյումի ծոցագրպանում գումար կա, որի մասին նա անգամ չէր հիշում, երբ վերադարձրի գումարը, ասաց. «Самый честный из армян – это Сосик Петросян»:

Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականին Մոսկվայում:

1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին, և Լեոնիդն ընդունվում է այնտեղ։ Ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։Նա նկարահանվում է կինոյում: 1958-ին Ենգիբարյանը հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։Հետագայում արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես»:

1964-ին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին: Վաթսունականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպեսԽրհրդային Միությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ Ռումինիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում:

Կրկեսից բացի հանդես է գալիս «մնջախաղ»-իերեկոներով։ Բացի այդ, գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։

1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝Սոս Պետրոսյան: Կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է:

Ծաղկաձորումկազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության,Երևանի մնջախաղի պետական թատրոնի Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ 2010-ին փառատոնը կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Իսկ 2012թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում