Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրապետությունում կստեղծվեն տարեցների համայնքային փոքր տներ

Հանրապետությունում կստեղծվեն տարեցների համայնքային փոքր տներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուն-ինտերնատներում խնամվող անձանց կենցաղային պայմանները և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ հանրապետությունում նախատեսվում է տարեցների համայնքային փոքր տների ստեղծում, ինչը համահունչ է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման՝ կառավարության որդեգրած գաղափարին:

Ներկայում հանրապետությունում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն, այդ թվում 7-ը՝ ոչ պետական:

Բոլոր հաստատություններում միասին շուրջօրյա խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1390 մարդ (որոնցից 180-ը՝ ոչ պետական հաստատություններում), իսկ տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ են հաճախում շուրջ 2000-ը:

«Տարեցների փոքր տունը նոր տիպի կառույց է, որն էականորեն տարբերվելու է այսօր գործող խնամքի տներից: Յուրաքանչյուր տարեցի ապահովվածությունը բնակելի մակերեսով պետք է լինի ոչ պակաս, քան 6 քմ և յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան երկու անձ՝ ի տարբերություն ներկայիս գործող խնամքի պետական հաստատությունների, որտեղ մեկ սենյակում բնակվում են 2-7 անձինք: Նման տներն այլընտրանք են մեծ հաստատություններին և տնտեսապես առավել արդյունավետ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սաիյանը:

Տարեցների փոքր տունը պետք է այնտեղ ապրողի համար ապահովի բարեկեցիկ կյանքի բոլոր տարրերը, այդ թվում, հարմարավետ կահավորված սենյակներ` մեկ կամ երկտեղանոց (ամուսնական զույգերի կամ տարեցների համաձայնությամբ) երկուսով ապրելու, համապատասխան կոմունալ հարմարություններով և անհրաժեշտ սարքավորումներով, բազմատեսակ սնունդ տարեցի ընտրությամբ (այդ թվում՝ դիետիկ), անհրաժեշտ դեղորայքով և սանիտարահիգիենիկ պարագաներով ապահովում, բարեկարգ, ծաղկազարդ բակ, հանգստի և ժամանցի սենյակներ, կենցաղային ծառայություններ (օրինակ` վարսավիրանոց և այլն), շուրջօրյա սպասարկում, ազատ ժամանցի կազմակերպում, մշակութային և այլ միջոցառումների անցկացում, բարձրակարգ մասնագետների առկայություն և այլն: Որոշմամբ առաջարկվում է հատկացնել 24.133.9 հազար դրամ կամ 45.44 հազար եվրո՝ անշարժ գույքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]