Գյուղաբնակ կանայք ավելի բարձր են գնահատում բիզնեսում և գիտությունում հաջողելու հնարավորությունները
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բրեվիս» ընկերության կողմից հարցված կանանց 58.4%-ը հնարավոր կամ ավելի շուտ հնարավոր է համարում, որ կարող է հաջողել բիզնեսի ոլորտում, իսկ 58.1%-ը՝ գիտության ոլորտում։ Քիչ պակաս է նրանց թիվը, որոնք կարծում են՝ կարող են հաջողել որևէ պետական պաշտոնում ՝ 45%։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Բրեվիս» հանրային կարծիքի հետազոտության և հաղորդակցության խորհրդատվության ընկերության հաղորդագրության մեջ, որով ներկայացվում են հայաստանցի կանանց շրջանում՝ տարբեր ոլորտներում հաջողելու իրենց հնարավորությունների գնահատմանը նվիրված հետազոտության արդյուքնները։
«Մարտի 8-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Կանանց միջազգային օր՝ իր ակունքներում ունենալով գրեթե 2 դար առաջ սկիզբ առած կանանց պայքարը տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար։
Կանանց վաղուց արդեն հաջողվել է ոչ միայն հասնել այս նպատակին (համենայն դեպս՝ աշխարհի շատ պետություններում), այլև ապացուցել, որ իրենց կարողություններով չեն զիջում տղամարդկանց ու նույնիսկ կարող են գերազանցել։
Իսկ ինչպե՞ս են գնահատում տարբեր ոլորտներում հաջողելու իրենց հնարավորությունները հայաստանցի կանայք։Բրեվիսըհետազոտություն է անցկացրել՝ պարզելու այս հարցը։
Այսպես՝ հարցված կանանց 58.4%-ը հնարավոր կամ ավելի շուտ հնարավոր է համարում, որ կարող է հաջողել բիզնեսի ոլորտում, իսկ 58.1%-ը՝ գիտության ոլորտում։ Քիչ պակաս է նրանց թիվը, որոնք կարծում են՝ կարող են հաջողել որևէ պետական պաշտոնում ՝ 45%։
Հետաքրքիր է, որ գյուղական բնակավայրերում ապրող կանայք ավելի բարձր են գնահատում իրենց հնարավորությունները հաջողության հասնելու բիզնեսում և գիտության ոլորտում, ի տարբերություն Երևանում և այլ քաղաքներում ապրող կանանց։ Բիզնեսում հաջողելը հնարավոր կամ ավելի շուտ հնարավոր է համարել գյուղաբնակ կանանց 64.4%-ը, երևանաբնակ կանանց՝ 52.7%-ը, այլ քաղաքներում բնակվող կանանց՝ 59.1%-ը։ Գիտության ոլորտում հաջողելու իրենց հնարավորությունները Երևանում և այլ քաղաքներում բնակվող կանայք գրեթե միանման են գնահատել, համապատասխանաբար՝ 55.7% և 55.3%։ Գյուղերում բնակվող կանանց 63.4%-ն է հնարավոր համարել գիտության ոլորտում հաջողության հասնելը։
Եվս մեկ ուշագրավ տվյալ. պետական պաշտոնում հաջողելու հնարավորությունը ամենից ցածր գնահատել են մայրաքաղաքում ապրող կանայք՝ ընդամենը 37.6%, այն դեպքում երբ այլ քաղաքներում բնակվողների 51%-ը և գյուղերում բնակվողների 48%-ը դրական պատասխան է տվել այս հարցին։
Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը ցույց է տվել, որ բիզնեսում հաջողելու իրենց հնարավորությունները ամենից բարձր գնահատում են 30-45 տարեկան կանայք (64.9%), իսկ պետական պաշտոնում և գիտության ոլորտում՝ 18-29 տարեկանները (համապատասխանաբար՝ 50% և 64.2%)։
Բրեվիսը զբաղվում է հանրային կարծիքի հետազոտությամբ և հաղորդակցության խորհրդատվությամբ` օգնելով որոշում կայացնողներին և գործարարներին ստեղծել, գնահատել, զարգացնել ու դրական հեղինակություն ձևավորել իրենց կերպարի ու բրենդի շուրջ։ Մեր մասնագիտական խորհրդատվությունը հիմնված է բացառապես հետազոտական տվյալների վրա, որոնց գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության կորպորատիվ էթիկայի կանոնակարգերով և տվյալների պահպանման ժամանակակից տեխնոլոգիաներով։
Ունենալով մոտ 15 տարվա հարուստ մասնագիտական փորձառություն՝ մենք հաջողությամբ իրականացրել ենք մոտ 400 ծրագիր՝ պետական կառավարման, սոցիալ-տնտեսական, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, կրթության և հանրային առողջության ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝womenonbusiness.com