1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է կայացվել. Փաշինյան

Դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է 
կայացվել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հետ կապված մեկ շաբաթ դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է կայացվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեզ պետք է որոշակի ժամանակ վերցնել, ավելի մանրամասն հասկանալ, ինչ է կատարվում»,-  ընդգծեց ՀՀ վարչապետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդպիսով գարնանանյին արձակուրդները մեկ շաբաթ առաջ տեղի կունենան։

Նա վստահեցրեց, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն աշխատում է անընդհատ, և հորդորեց վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ «Այս իրավիճակը մենք պատվով, ուժեղացած կհաղթահարենք»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ընդգծեց, որ կառավարությունը որևէ կենսականորեն անհրաժեշտ տեղեկատվություն չի թաքցնելու և շեշտեց. «Բացառված է, որ կառավարությունը որևէ այլ նպատակ ավելի կարևոր համարի, քան հանրային առողջության և անվտանգության խնդիրները»։

ՀՀ վարչապետը հավելեց, որ մտնելու է դեղատուն՝ բժշկական դիմակների հետ կապված իրավիճակին ծանոթանալու համար։

Անդրադառնալով Իրանի հետ հաղորդակցության խնդիրներին՝ վարչապետը նկատեց, որ Իրանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չկա, մանավանդ որ դա կարող է հանգեցնել «շուկայի վայրիվերումների», իսկ օդային հաղորդակցության դադարեցման դեպքում ավտոմեքենաներով Իրանից Հայաստան եկողները պետք է ավելի շատ մարդկանց հետ շփվեին քաղաքներում, քան օդանավով գալու դեպքում։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ հերքվել է այն տեղեկատվությունը, թե այն անձը, որի մոտ լույս մարտի 1-ի գիշերը կորոնավիրուսի է հայտնաբերվել, «Զվարթնոց» օդանավակայանից տուն է գնացել տաքսիով։ Վարչապետը հորդորեց ռիսկային գոտի չհամարել Ծաղկաձորը, որի «Գոլդեն Փելես» մինչ այժմ չգործող հյուրանոցում տեղավորված են այդ անձի հետ շփում ունեցած անձինք, և նկատեց, որ Ծաղկաձորում կյանքը պետք է բնականոն կերպով շարունակվի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]