ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում Գեղարքունիքի մարզում 5 նոր դպրոցներ կկառուցվեն:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ մինչև 100 աշակերտի համար դպրոցներ կկառուցվեն Ջիլ, Շատջրեք և Լեռնահովիտ բնակավայրերում: Ավելի մեծ դպրոցներ կկառուցվեն Գեղհովիտ և Ճամբարակ համայնքներում:
«Դպրոցների հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք: Հանրապետության դպրոցների մեծ մասը 1960-80-ական թվականներին են կառուցվել և հիմնականում նախատեսված են 7 բալ հզորության երկրաշարժի համար: Հիմա սեյսմիկ առումով լուրջ խնդիրներ կան: Հաջորդ հարցն այն է, որ երկար տարիներ բազմաթիվ դպրոցներ չեն սպասարկվել, ընթացիկ վերանորոգում չեն անցել, և հիմա այնպիսի է իրավիճակ է, որ որոշ դեպքերում ավելի ձեռնտու է նոր դպրոցներ կառուցելը»,-ասաց Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով, սեյսմիկ խնդիրներ ունեցող դպրոցներում չեն կարողանում ջեռուցման հարցերը կարգավորել: Շատ տեղերում վառարաններով են ջեռուցումը կազմակերպում: Մարզպետը նշեց, որ դեռ 57 դպրոցում կենտրոնացված ջեռուցման համակարգեր չկան: