Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայերի ներդրումը Բաքվի մշակութային կյանքում

Հայերի ներդրումը Բաքվի մշակութային կյանքում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապշերոնյան թերակղզում հայերը բնակություն հաստատել են դեռևս վաղ միջնադարից։ Միջնադարում Բաքուն Ապշերոնի հարավային մասում տեղակայված բերդավան էր, որն աստիճանաբար զարգանալով վերածվել է գյուղաքաղաքի, ապա՝ քաղաքի։ Արդեն 19-րդ դ. երկրորդ կեսին Բաքուն դարձել էր արդյունաբերական և առևտրական կենտրոն։ 1859 թ. քաղաքը հռչակվեց նորաստեղծ Բաքվի նահանգի կենտրոն, որից հետո այստեղ սկսեցին մեծամասշտաբ կառուցապատման աշխատանքներ իրականացվել:

19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին Բաքվում մեծ տեմպերով զարգանում էր նավթային արդյունաբերությունը, ծովային առևտուրը, բացվում էին տարատեսակ ձեռնարկություններ։ Տնտեսական զարգացմանը զուգահեռ քաղաքում սկսել էր ակտիվանալ նաև մշակութային կյանքը, որում մեծ դեր է ունեցել նաև Բաքվի հայկական համայնքը։

19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի հայ ճարտարապետների ներդրումը Բաքվի քաղաքաշինության գործում

Բաքվի հայկական համայնքը ոչ միայն մեծ ներդրում ուներ քաղաքի տնտեսության, այլև մշակութային կյանքում և քաղաքաշինության ոլորտում։ 1885-1915 թթ. ընթացքում Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների կայսերական ինստիտուտում կրթություն ստացած 115 հայ երիտասարդ լրացնում է Անդրկովկասում ստեղծված ինժեներական կադրերի բացը՝ ներգրավվելով քաղաքաշինության տարբեր ոլորտներում։ Տնտեսական մեծ հեռանկարներ ունեցող Բաքվում հաստատվելով՝ վերոնշյալ ինստիտուտի շրջանավարտ հայերը ներգրավվում են բազմաթիվ նախագծերում։ Բաքվում գործունեություն ծավալած հայ երիտասարդ ճարտարապետներից առավել հայտնի են Նիկոլայ (Նիկողայոս) Բաևը, Վարդան Սարգսյանը, Հովհաննես Տեր-Հովհաննիսյանցը։

Հայ ճարտարապետների նախագծերով կառուցվում են մեծ թվով բնակելի և հասարակական նշանակության շինություններ։ Վերոնշյալ երիտասարդներից Ն. Բաևը 1911-1918 թթ. եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետ։ Իր ճարտարապետական յուրահատուկ ոճով աչքի է ընկնում հատկապես Ն. Բաևի նախագծով կառուցված Մայիլովի թատրոնի շենքը, որտեղ ներկայումս գործում է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ Ճարտարագիտական հետաքրքիր կառույց է նաև նրա նախագծած Սաբունչիի երկաթգծային կայարանի շենքը։ Ն. Բաևի նախագծով նաև ստեղծվել է Բաքվի հայկական Էրմենիքենդ (Հայկավան) թաղամասը։



Ն. Բաևի նախագծով կառուցված նախկին Մայլիովի թատրոնի, ներկայիս՝ Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը

Հայ ճարտարապետները իրենց ներուժով ոչ միայն ստեղծել են հետաքրքիր ճարտարապետական լուծումներով շինություններ, այլև իրենց ձեռք բերած փորձը ներդրել են Ադրբեջանի ԽՍՀ ճարտարապետների տարբեր սերունդներ կրթելու գործում։ Այսպես, Վ. Սարգսյանը ոչ միայն ներգրավված էր նավթագործների ավաններում բնակելի շինությունների նախագծման և կառուցման աշխատանքներում, այլև կրթում էր ադրբեջանական ճարտարապետության նոր սերունդներին՝ դասավանդելով Բաքվի պոլիտեխնիկական համալսարանում։

Ճիշտ է, ժամանակի հայ ճարտարապետները մեծ մասամբ կրել են Ռուսաստանում տարածված և զարգացած ճարտարաշինարարական ոճերի ազդեցությունը, այդուհանդերձ ստեղծել են նաև հայկական պատմական ճարտարապետական ավանդույթներով նախագծված շինություններ, մշակութային կոթողներ և այլն։ 1900 թ. Գաբրիել Տեր-Միքելյանը Բաքվում իր առաջին աշխատանքը՝ Յուզբաշյանների երկհարկանի բնակելի տունը, ամբողջովին նախագծել է հայկական ոճով։

Սրանք ընդամենը օրինակներ են, որոնք ցույց են տալիս հայերի ներդրումը Բաքվի ճարտարապետական դեմքի ձևավորման գործում։ Բաքվի հայկական ճարտարապետական նմուշների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում եկեղեցիները:

Բաքվի հայկական եկեղեցիները

Հայաստանի բուն սահմաններից դուրս գործող հայկական համայնքների կյանքում եկեղեցին ոչ միայն կրոնական, այլև ազգապահպան դեր է կատարում, և, որպես կանոն, գրեթե բոլոր հայկական համայնքներում գործում են առաքելական եկեղեցիներ:

Նախքան խորհրդային կարգերի հաստատումը Բաքու քաղաքում գործում էր 5 հայկական եկեղեցի, որոնք տարբեր տարիների դարձել են թաթարների, ապա նոր ինքնություն որդեգրած ադրբեջանցիների վանդալիստական գործողությունների թիրախները։ Խորհրդայնացումից հետո ադրբեջանական իշխանություններն իրենց հակահայկական գործողությունները սքողում էին ԽՍՀՄ իշխանությունների հակակրոնական քաղաքականության ներքո՝ տարբեր պատրվակներով հիմնովին կամ մասամբ քանդելով հայկական եկեղեցիները։ 1989 թ. դրությամբ Բաքվում կանգուն էր մնացել միայն 2 հայկական եկեղեցի՝ Սբ Աստվածածին և Սբ Գրիգոր Լուսավորիչ: Այժմ պահպանվել է միայն Սբ. Գրիգոր Լուսավորչի շենքը՝ առանց խաչի՝ վերածված գրապահոցի:


Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

1863 թ. հիմնադրված Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Շատրվանների հրապարակի հարևանությամբ՝ Նիզամի փողոցում։ Բաքվում հայերի 1990 թ. հունվարի զանգվածային ջարդերի նախօրեին ադրբեջանցիների կողմից վանդալիզմի թիրախ են դարձել եկեղեցու խաչն ու զանգակատունը, 1989 թ. դեկտեմբերի 25-ին ադրբեջանցիները հրդեհել են եկեղեցին, որի հետևանքով այրվել են արժեքավոր գրքեր, սրբապատկերներ և եկեղեցական ողջ գույքը:

Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձել է հակահայկական ալիքի թիրախ ոչ միայն 1990 թ. ջարդերի, այլև՝ 1918-1920 թթ. հայ-թուրք/թաթարական կռիվների ժամանակ։ 1919 թ. հունիսի 11-ին թուրք-թաթարական զորքը շրջափակման մեջ էր վերցրել եկեղեցին՝ այնտեղ զենք-զինամթերք գտնելու նպատակով, իսկ չգտնելուց հետո զինվորները հրացանազարկով վնասել էին եկեղեցու պատերը։


Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ներայումս

2001 թ. Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ներառվել էր «Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական հուշարձանների ազգային ռեգիստրում». Այս որոշումից ընդամենը մեկ տարի անց եկեղեցին վերածվել է գրապահոցի, որից հետո ներսում «վերանորոգման» աշխատանքներ են տարվել. Ադրբեջանի իշխանությունները հանել են եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերը, փայտյա զարդաքանդակ դռները փոխարինել երկաթյա դռներով, պատել եկեղեցու երկու պատուհանները, քերել հյուսիսային և հարավային մուտքերի երկու կողմից երիզվող զույգ խաչքարերը, ջնջել հայերեն արձանագրությունները։ Այս ամենը ադրբեջանական քարոզչամեքենան քողարկում է՝ տարածելով խեղաթյուրված տեղեկություններ, իբրև եկեղեցին երբեք չի ծառայել հայկական համայնքին՝ որպես եկեղեցի, այլ եղել է քաղաքական կենտրոն, որտեղից հակառուսական քարոզչություն են վարել:

Եկեղեցում 90-ականներից հետո հայկական աղոթք ու շարական հնչել է միայն 2010 թ. ապրիլին, երբ եկեղեցի էր այցելել հոգևոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բաքու մեկնած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ 2019 թ. կրկին Բաքվում անցկացված 2-րդ գագաթնաժողովին Ամենայն հայոց կաթողիկոսն արդեն չէր մասնակցում:

Սբ Աստվածածին եկեղեցին և Բաքվի «Կույսի աշտարակը»

Սբ Աստվածածին

Նախքան Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը Բաքվում գործում էր մեկ հայկական եկեղեցի՝ Սբ Աստվածածինը, որը գտնվում էր Բաքվի Իչերիշեհեր թաղամասում՝ Կուսական աշտարակի ձախ կողմում։ Խորհրդային տարիներին, ըստ արխիվային փաստաթղթերի, եկեղեցին վերակառուցվել էր և գործում էր որպես մշակութային կենտրոն։ Եկեղեցին կանգուն է եղել ընդհուպ մինչև 1989 թ.։ Սբ Աստվածածինը ևս Ադրբեջանի այլատյացության քաղաքականության զոհ է դարձել. 1990-ական թթ. վերջին ադրբեջանցիները քանդել են եկեղեցու շենքն ու զանգակատան երկու հարկը։

Սբ Աստվածածին եկեղեցին 1980-ական թթ.

Սբ Թադևոս-Բարդուղիմեոս

Բաքվում հայկական բնակչության աճով պայմանավորված՝ 20-րդ դարի սկզբին անհրաժեշտություն էր ստեղծվել կառուցել հայկական երրորդ եկեղեցին։ Նոր եկեղեցին նախագծել է Հովհաննես Քաջազնունին (հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ)։ Քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ Հ. Քաջազնունին լքել է Բաքուն, որից հետո նրա գործը շարունակել է Ն. Բաևը։ Եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվել են 1914 թ.։ 1918 թ. Բաքվի գրավումից հետո այն ենթարկվել է կողոպուտի թուրք-թաթարական զորքերի կողմից։ Երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1930-ական թթ., եկեղեցին հիմնահատակ ավերվեց (3 տարի քանդելու անհաջող փորձերից հետո պայթեցվել է 1937 թ.), նրա տեղում կառուցվել է Բաքվի երաժշտական ակադեմիայի շենքը։

Սբ Թադևս-Բարդուղիմեոս եկեղեցու նախագիծը

Սբ Թարգմանչաց

Բաքվի Հայկավան (Էրմենիքենդ) թաղամասում կառուցված Սբ Թարգմանչաց եկեղեցին դարձել է նախ թուրք-թաթարական զորքերի, ապա՝ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների վայրագությունների զոհը։ 1918 թ. թուրք-թաթարական խաժամուժը թալանել է եկեղեցին, իսկ արդեն խորհրդային շրջանում՝ 1930 թ. հունվարի 3-ին, տեղի Կոմունալ տնտեսության ղեկավարի պահանջով եկեղեցու բանալիները նրան են հանձնել։ Ընդամենը 2 օր անց ադրբեջանցիները կողոպտել են եկեղեցին, որից հետո շենքը վերակառուցել՝ որպես մշակութային կենտրոն [Գ. Ստեփանյան, «Համառոտ ակնարկ Բաքու քաղաքի հայկական եկեղեցիների պատմության», էջ 168]։

Սբ Հովհաննես Մկրտիչ

Ադրբեջանական վայրագությունների արդյունքում Բաքվի հայկական համայնքը նաև կորցրել է հայկական գերեզմանատան Սբ Հովհաննես Մկրտիչ մատուռը։ Այն առանձնահատուկ նշանակություն ուներ որպես մշակութային, ճարտարապետական կոթող, քանի որ կառուցվել էր պատմական Անի մայրաքաղաքի եկեղեցիների ճարտարապետական հորինվածքով։ Մատուռի առանձնահատկությունը, սակայն, լոկ ճարտարապետական չէր. Այն «ծառայում էր» հայկական գերեզմատանը, քանի որ քաղաքի եկեղեցիներում թույլատրված չէր կատարել ննջեցյալների թաղման կարգ։ Ըստ արխիվային փաստաթղթերի՝ եկեղեցին մինչև 1922 թ. փետրվարը գործող եկեղեցիների ցուցակում է եղել։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ադրբեջանցիներն այն քանդել են 1930-ական թթ. «Ազգային պուրակի» կառուցապատման աշխատանքների ժամանակ։

Բաքվի հայկական եկեղեցիներով չի սկսվում, և առավել ևս՝ չի սահմանափակվում Ադրբեջանում ոչնչացված հայկական եկեղեցիների և մշակութային այլ կոթողների շարքը։ Ադրբեջանում հայերի ֆիզիկական ոչնչացման, բռնի հայաթափման գործողություններին զուգահեռ տարբեր տարիների ընթացքում ոչնչացվել է նաև հայկականությունը հիշեցնող ցանկացած կոթող, պատմությունից «ջնջվել է» հայերի հետքը, հորինվել է «նոր պատմություն»:

Այսպիսով, անկախ կառավարման ձևից, իշխանության ղեկավարից, որդեգրած գաղափարախոսությունից՝ Ադրբեջանը մշտապես օգտագործել է բոլոր ռեսուրսները հայկականությունը արտացոլող ցանկացած հետք ոչնչացնելու կամ այն յուրացնելու համար։ Ադրբեջանի տարածքում հայտնված հուշարձանների ոչնչացման՝ պետական մակարդակով գործադրվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը անկատար է մնացել միայն Արցախում՝ ի շնորհիվ Ազատագրական պատերազմի։

Լուսինե Պողոսյան

Հիմնական աղբյուրներ

  • Է. Տիգրանյան, «Հայ ճարտարապետների շինարարական գործունեությունը Անդրկովկասում 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ» http://lraber.asj-oa.am/4846/1/1987-9(30).pdf
    Ա. Տեր-մինասյան, «Հայ Ճարտարապետների Դերը Բաքու Քաղաքի Ճարտարապետական Կերպարի Ստեղծման Գործում» http://armheritage.sci.am/rus-75.pdf
  • Ս. Կարապետյան, «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս»
    http://www.ethno-kavkaz.narod.ru/rnazerbaijan.html
  • Գ. Ստեփանյան, «Համառոտ ակնարկ Բաքու քաղաքի հայկական եկեղեցիների պատմության», Հայոց պատմության հարցեր, Հ. 8։ Գիտ. հոդվ. ժող.

http://serials.flib.sci.am/openreader/hay_patm_harc_8/book/index.html#page/166/mode/2up


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]