Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ու ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են Երևանի տրանսպորտային ցանցի ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ու ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են Երևանի տրանսպորտային ցանցի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 7-ին ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 2021թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու կապակցությամբ և կարևորել այդ իրադարձությունը Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսատնտեսական շրջանակների ուշադրությունը բարձրացնելու տեսանկյունից: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին վստահության համար և ընդգծել, որ տարեկան ժողովը կանցկացվի ամենաբարձր մակարդակով:

Քննարկվել են ավելի քան 1,4 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր ներառող Հայաստան-ՎԶԵԲ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ համագործակցության անցած տարին 118 մլն եվրո արժողությամբ ծրագրերով ամենահաջողներից մեկն էր ու հույս է հայտնել, որ միտումը կշարունակվի նաև 2020 թվականին: Տիգրան Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ ՎԶԵԲ ծրագրերի ընդհանուր պորտֆելում մասնավոր հատվածի մասնաբաժինը կազմում է 87 տոկոս՝ լուրջ խթան հանդիսանալով ոլորտի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի ծրագրին: Այս համատեքստում Պիեռ Հեյլբրոննը կարևորել է տարբեր գերատեսչությունների ու Երևանի քաղաքապետարանի գործողությունների փոխհամաձայնեցման հարցում փոխվարչապետի դերը:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև Հայաստանում անցկացվող համապարփակ բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն լինելու է երկրում իրականացվելիք առավել հավակնոտ ու լայնածավալ բարեփոխումներից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում