Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը կնվիրվի Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը կնվիրվի Ալեքսանդր 
Հարությունյանի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական արվեստի  փառատոնը, որն այս տարի կմեկնարկի փետրվարի 8-ին, նվիրված  է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-րդ փառատոնի շրջանակում անցկացվելիք երեք սիմֆոնիկ և մեկ կամերային համերգների ընթացքում կհնչեն ինչպես Ալեքսանդր Հարությունյանի‚ այնպես էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Բացման երեկոյին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ կկատարեն Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Հետագա համերգների ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի‚ Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտները։ Ջութակի կոնցերտը կներկայացնի հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը, իսկ Շեփորի կոնցերտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար, միջազգային մրցույթի դափնեկիր Հայկ Գուրգենյանը։ Փառատոնը կեզրափակվի փետրվարի 25-ին։

Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚ օպերա‚ սիմֆոնիկ պոեմներ‚ սյուիտներ և այլն բազմիցս հնչել են թե՛ Հայաստանում‚ թե՛ նրա սահմաններից դուրս։ Հարությունյանի Շեփորի կոնցերտը համարվում է փողային այս գործիքի համար երբևէ գրված լավագույն կոնցերտներից մեկը։ Այն ներառված է աշխարհի լավագույն շեփորահարների երկացանկում։ Այս կոնցերտը «Նյու Յորք թայմսը» անվանել է հնչեղ ստեղծագործություն։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն է: Անցած տարիներին փառատոնի շրջանակում նաև ծավալուն երաժշտագիտական աշխատանք է կատարվել. թվայնացվել են մի քանի տասնյակ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են հարյուրավոր ստեղծագործություններ, առաջին անգամ կատարվել հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր: Այս տարվա փառատոնի ընթացքում թվայնացվելու են Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև այլ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով հնչեցնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]