Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի 
նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:

Կողմերը նշել են, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են պատմական խորը արմատներով, ինչն ամուր հիմք է ստեղծում հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում ավելի գործնական քայլեր կատարելու ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության հնարավորությունները շատ ավելին են, քան ներկա մակարդակն է:

Ուկրաինայի դեսպանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն՝ առավել ամրապնդելու և առաջ մղելու տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ գործակցությունը:

Խոսելով տնտեսական համագործակցության ընդլայնման մասին՝ զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ: Համագործակցության ավանդական ոլորտներին զուգահեռ, նրանք կարևորել են համագործակցությունը, փորձի փոխանակումն ու համատեղ փոխշահավետ նախագծերի մշակումը նորագույն տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում:

Որպես համագործակցության արդյունավետ հարթակ, նշվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը և ձևավորված բարեկամական խմբերի աշխատանքը:

Բարձր է գնահատվել Ուկրաինայի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում ակտիվորեն ներգրավված հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կամրջող օղակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am