Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանը

Armenpress 16:29, 30 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:Կողմերը նշել են, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են պատմական խորը արմատներով, ինչն ամուր հիմք է ստեղծում հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում ավելի գործնական քայլեր կատարելու ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության հնարավորությունները շատ ավելին են, քան ներկա մակարդակն է:Ուկրաինայի դեսպանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն՝ առավել ամրապնդելու և առաջ մղելու տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ գործակցությունը:Խոսելով տնտեսական համագործակցության ընդլայնման մասին՝ զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ: Համագործակցության ավանդական ոլորտներին զուգահեռ, նրանք կարևորել են համագործակցությունը, փորձի փոխանակումն ու համատեղ փոխշահավետ նախագծերի մշակումը նորագույն տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում:Որպես համագործակցության արդյունավետ հարթակ, նշվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը և ձևավորված բարեկամական խմբերի աշխատանքը:Բարձր է գնահատվել Ուկրաինայի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում ակտիվորեն ներգրավված հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կամրջող օղակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am