Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել.Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է

Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել.Տիգրան 
Մանսուրյանը 81 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհորդություններ, համերգներ, նոր ստեղծագործություններ, հանդիպումներ. հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ, մաեստրո Տիգրան Մանսուրյանն աշխատանքային բուռն ընթացքի մեջ է: Նա հունվարի 27-ին նշում է  ծննդյան 81-ամյակը, տարիքն ամենևին չի խանգարում ակտիվ աշխատելու հարցում: Մաեստրոն վաղ առավոտից ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, օրն անցկացնելու է հարազատների ու ընկերների հետ, սակայն մինչ այդ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հանդես եկավ ասուլիսով՝ ներկայացնելու աշխատանքային ծրագրերը, տարբեր հարցերի վերաբերյալ իր մտորումները: Տիգրան Մանսուրյանը նոր է վերադարձել ճանապարհորդությունից, այս անգամ իր ստեղծագործությունները հնչում էին Չեխիայում կայացած համերգին:

«Բռնո քաղաքում երկու օր հնչեց իմ Ռեքվիեմը: Հրաշալի երգչախումբ ու նվագախումբ էր մասնակցում: Ռեքվիեմը շատ է հնչել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս երկու համերգները կարծես կրկնակի անգամ ավելի ուշադրության էր արժանացել հանդիսատեսի կողմից  ընդունելության տեսանկունից, այն շատ կարևորվեց: Դեսպանի՝ Աշոտ Հովակիմյանի կողմից ջերմ ընդունելության արժանացա, ինչը հաճելի է»,-ասաց  Տիգրան Մանսուրյանը: Համերգային հատվածից նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, տեղի լրագրողների հետ:

Տիգրան Մանսուրյանը շարունակում է ստեղծագործել և իր ստեղծագործությունները հնչեցնել աշխարհի տարբեր բեմերում: Ինչպես ինքն է բնութագրում, այսօր շատ ծանր մի գործի հետ է կապված, որն աշնանը պետք է հնչի Իտալիայում:

«Մեծ գործ է նվագախմբի, երգչախմբի և մեներգչի համար: Այս տարի աշխարհի մշակութային իրականությունը տոնում է Դանթե Ալիգիերիի հոբելյանը: Երեք կոմպոզիտորի առաջարկել են, որ յուրաքանչյուրը գրի ընդհանուր ստեղծագործության մի հատվածը: Հատվածներն են՝ դժոխք, քավարան, դրախտ: Ինձ առաջարկել են քավարանը և ես համաձայնել եմ: Իմ մասով ստեղծագործությունը պետք է մինչև մարտի վերջ վերջացնեմ»,-ասաց նա:  

Այն հնչելու է Իտալիայի երեք քաղաքում: Մաեստրոն մտադիր է գործը վերանայել, ինչպես ինքն է ասում, ճանապարհորդությունից հետո հայացքը կարծես նորոգված լինի:

Նոր ստեղծագործությունների հետ կապված այլ աշխատանքային առաջարկություններ մաեստրոն ևս ունի. այդ ուղղությամբ դեռ մտածում է: Մաեստրոն մտադիր է իր ստեղծագործություններում հնարավորինս շատ տեղ բացել հայ պոեզիայի համար: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստանում իր ծննդյան 80-ամյակի առթիվ կազմակերպված համերգներից մի քանիսը հենց այդ շեշտադրմամբ էին:  

«Գիտեք, խոստովանեմ, որ երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի այս կամ այն թռիչքին մեկ անգամ էլ հասնեմ»,-ավելացրեց մաեստրոն:

Տոնական օրը Տիգրան Մանսուրյանը նշելու է  մտերիմների հետ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ