Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երկնքի և երկրի միջև». Երկիրը Չինաստանն է, իսկ երկինքը` Հայաստանը

«Երկնքի և երկրի միջև». Երկիրը Չինաստանն է, իսկ երկինքը` Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների խանութ-ցուցասրահը, որտեղ հետաքրքիր ու յուրահատուկ հուշանվերներ են գտել զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից, հայ-չինական ընտանիքի ստեղծման առիթ դարձավ: Խանութ-ցուցասրահի տնօրեն, արվեստաբան Անի Մարգարյանն անգամ չէր մտածում օտարերկրացու հետ ամուսնության և այլ երկիր տեղափոխվելու մասին, բայց, ինչպես ասում են, սերն ամենագեղեցիկ ճանապարհն է, որը միավորում է ոչ միայն սրտերը, այլև երկրներն ու մշակույթները:

Անին իր ներկայիս վիճակն անվանում է «երկնքի և երկրի միջև»: Երկիրը Չինաստանն է, իսկ երկինքը` Հայաստանը: Նա ապրում է երկրում, բայց ձգտում է դեպի երկինք, որին հասնելու համար նախ պետք է ամուր կանգնել ոտքերի վրա նոր երկրում` Չինաստանում:

Անին պատմում է իր գործունեության, ընտանիքի, Չինաստան տեղափոխվելու, հայերի և չինացիների նմանությունների ու տարբերությունների մասին:

Խանութ-ցուցասրահի ասելիքը

Խանութ-ցուցասրահում ներկայցանում էի ավելի քան 133 հայ արվեստագետի ձեռքի աշխատանքներ: Ճիշտ է` ստիպված էի այն փակել, քանի որ Չինաստանից դժվար էր կառավարել, բայց հիմա էլ ուժերիս ներածին չափով փորձում եմ տարածել հայկական մշակույթը` հայ մանրանկարչությունը, տարազները, արդի արվեստը: Ցուցասրահը նաև ուսումնական կենտրոն էր դարձել, որտեղ ոլորտի մասնագետները դասավանդում էին հայկական ասեղնագործություն, հայ մանրանկարչություն, հայկական գորգագործություն: Ամենաշատն այդ մթնոլորտն եմ կարոտում: Վարպետների հետ մի ընտանիք էինք դարձել: Մինչև օրս շատերի հետ կապը պահում եմ: Սրտիս մի անկյունում հույս ունեմ, որ հետագայում հնարավորություն կլինի վերաբացել ցուցասրահը:

Ուղևորություն դեպի Չինաստան և սեր

Մտերիմ ընկերներս, որոնք գիտեն մեր սիրո պատմությունը, խորհուրդ են տալիս գիրք գրել այդ մասին, ասում են, որ կարող է ֆիլմի սցենար լինել: Արդեն սկսել եմ գրել, տեսնենք` ինչ կստացվի:

Ցուցասրահը մեր հանդիպման առիթ դարձավ: Ամուսինս իր գործընկերների` Նանջինգի համալսարանի դասախոսների հետ այցելել էր մեզ` հայկական հուշանվերներ գնելու: Նա բավականին մեծ գումարի հուշանվերներ ձեռք բերեց, ես անչափ ուրախացել էի ու ոգևորված զանգահարում էի վարպետներին, նրանց լուրը հաղորդելու համար: Կարծում էի` մեծ գնում անելը կապված է հայ արվեստով խիստ հետաքրքրված լինելու հետ, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ ապագա ամուսինս հրապուրվել էր ինձնով:

Պետք է խոստովանեմ` երբ լքեցին ցուցասրահը, մոռացա նրանց մասին: Մեկ ամիս հետո ցուցասրահի պաշտոնական հասցեին չինարեն նամակ եկավ, որը ես երկար ժամանակ բառարաններով թարգմանում էի: Նամակը գրել էր ապագա ամուսինս: Նա ինձ հրավիրում էր Չինաստան`ներկայացնելու հայ արվեստը դասախոսությունների և իմ ցուցասրահի իրերի միջոցով: Մտածում էի` կատակ է, բայց հետո պաշտոնական հրավեր ստացա: Չինաստան մեկնելուց հետո միայն հասկացա, թե ինչ մեծ դժվարությունների միջով է անցել ապագա ամուսինս այդ ամենը կազմակերպելու համար: Նա դա արել էր ինձ հանդիպելու նպատակով: Նրա հետ հաղորդակցվում էինք հեռախոսի թարգմանչի միջոցով, մինչև ես սկսեցի յուրացնել չինարենը: Դժվար էր խոստովանել, որ արդեն իսկ սիրում եմ նրան, քանի որ միշտ համոզված եմ եղել, որ պիտի հայ մարդու հետ կյանքս կապեմ: Բայց երբ հանդիպում ես մեկին, որն ամեն ինչով լրացնում է քեզ և անգամ մշակութային ու լեզվի տարբերությունը չեն խանգարում միմյանց հայացքներով հասկանալուն, տեսնում ես, որ Աստված վերևում ամեն ինչ որոշել է: Շատ բախտավոր եմ, որ ամուսինս ևս քրիստոնյա է, շատ լավ գիտի հայկական մշակույթը, պատմությունը, սիրում ու հարգում է հայերին, իմ ծնողներին, ընտանիքիս, ընկերներիս ու միշտ ինձ առաջ գնալու թևեր է տալիս:

Չինաստանում ապրում եմ ավելի քան երկու տարի: Շատ բարդ որոշում էր: Ես երբեք ինձ չեմ պատկերացրել Հայաստանից դուրս, անցել եմ ու դեռ անցնում եմ բազում դժվարությունների միջով, բայց ընտրել եմ սիրո ճանապարհը: Կարծում եմ` դա ճիշտ ընտրություն է: Չնայած այս ճանապարհը քարքարոտ է, բայց ամեն քարի հանդիպելիս նոր բան ես սովորում, փոխվում ես դեպի լավը, դառնում ավելի հոգատար, իմաստուն և զգույշ: Մինչև ամուսնուս հանդիպելն ավելի ինքնագոհ ու եսակենտրոն էի: Երբ տեսա, թե որքան հոգատար է նա ու նվիրված իր ծնողներին, քույրերին, ընկերներին ու ինձ, փոխվեցի:

Հանուն սիրո և ընտանիքի՝ Չինաստանում եմ, բայց Հայաստան գալու ոչ մի առիթ բաց չենք թողնում: Անասելի կարոտում եմ իմ երկիրը, որի նմանը չկա:

Ժողովուրդների առանձնահատկությունները

Մեր մշակութային տարբերությունները շատ են, բայց դա ինձ չի խանգարել սիրել Չինաստանը, որն ինձ համար դեռևս նոր աշխարհ է, օր օրի բացահայտում եմ այն: Ինչպես հայերը, այնպես էլ չինացիները կարևորում են երեխայի կրթությունը, տատիկ, պապիկի դերն ընտանեկան կյանքում: Երբ խոսքն առևտրի և տնտեսության մասին է, չինացիները կարող են մի կողմ դնել քաղաքական և պատմական տարաձայնությունները:

Ամուսինս կարծում է, որ  մենք` հայերս, հաճախ վախենում ենք սխալ գործելուց, այդ պատճառով չենք փորձում, քայլ չենք անում: Ըստ չինացիների` ցանկացած սխալ մի նոր հնարավորություն է բացում, ուստի շատ ավելի հանգիստ են, և հաճախ տպավորություն է ստեղծվում, որ նրանք սառն են ու անտարբեր: Չինացիները կարողանում են ամեն մի փոքր կենցաղային բանից ուրախանալ և վայելել  ընձեռված հնարավորությունները: Նրանք սիրում են ուսումնասիրել տարբեր մշակույթները, խուսափում են  սուր որակավորումներից: Ոչ մի խնդիր չեն տեսնում արտասահմանցիների հետ ամուսնանալու առումով: Անհամբեր սպասում են այդ միասնությունից ծնված երեխային ու կարծում են, որ նման երեխաները շատ ավելի գեղեցիկ են ու բախտավոր աստղի տակ են ծնվել: Հարգում են հատկապես այն օտարներին, որոնք չինարեն են խոսում, չեն ուղղում երբեք, նույնիսկ շնորհակալություն են հայտնում նրանց:

Մենք սխալվում ենք, երբ կարծում ենք, որ Չինաստանն էժան երկիր է: Ես դա չեմ զգում մի երկրում, որտեղ ռիթմը շատ արագ է, դրան համապատասխան՝ տաքսի, փոստային ծառայություններ, արագընթաց գնացքներ, արագ վճարման  համակարգեր: Մարդիկ շտապում են, բայց նրանց դեմքի արտահայտությունը խաղաղ է: Արտաքուստ հանգիստ են ու խնայում են իրենց նյարդերը: Նույնը չի կարելի ասել մեր մասին: Մեր դեմքին գրված է այն, ինչ զգում ու մտածում ենք:

Պետք է փաստեմ, որ չինացիներն իսկապես երկարակյաց են: Ամուսնուս հայրն 98 տարեկան է, իսկ մայրը` 86: Ամուսնուս մայրն ինձ շատ է սիրում, միշտ ամուր գրկում է հանդիպելիս:

Չինաստանում ծավալած գործունեություն

Տարբեր ծրագրեր ենք իրականացնում ամուսնուս հետ:  2018 թվականին մի խումբ հայ նկարիչների էինք հրավիրել այստեղ: Նրանք տասնհինգ օր ապրեցին ու ստեղծագործեցին Չինաստանում: Հայկական կենտրոն բացելու ծրագրեր կան, և այդ ուղղությամբ աշխատում ենք: Այստեղ ասպիրանտուրան ավարտելուց հետո ավելի արդյունավետ կարող եմ իրականացնել այդ ամենը:  Նանջինգ ժամանած ու ժամանող բոլոր ուսանողներին փորձում ենք օգտակար լինել ու աջակցել մեր հնարավորությունների չափով:

Երեխայի ծնունդ և մայրական բերկրանք

Իմ բալիկը հայ է, հայկական անուն ունի`Արեգ: Նրան կնքել ենք Հայ առաքելական եկեղեցում: Արեգը շուտով մեկ տարեկան կդառնա: Ամուսինս ասում է, որ երեխան պարտադիր պետք է հայերեն խոսի, որպեսզի թարգմանի, թե ես ու մայրս ինչ ենք բամբասում իր մասին (կատակում է- հեղ.): Կարծում եմ` իմ ծնողներն էլ ամեն ինչ կանեն, որ Արեգը հայերեն սովորի, իսկ թե որտեղ ու որ երկրում կուզենա ապրել ու գործել, թող ինքնուրույն որոշի: Կարևորն առողջ ու երջանիկ լինի:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները տրամադրել է Անի Մարգարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]