Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Ապրիլ

«Ադրբեջանցիները հասցնում էին սակարկել տների համար». Բաքվի ջարդերի «հակառակ» կողմը ականատեսի աչքերով

«Ադրբեջանցիները հասցնում էին սակարկել տների համար». Բաքվի ջարդերի 
«հակառակ» կողմը ականատեսի աչքերով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990 թ. հունվարը դարձավ Բաքվում հայերի արդեն երրորդ ծրագրված և կազմակերպված ջարդերի գագաթնակետը, սակայն հայերի նկատմամբ բռնությունների ալիքը սկսվել էր դեռևս 1988-ից, երբ Սումգայիթին, Կիրովաբադին և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերին զուգահեռ Բաքվի հայկական համայնքը ևս հայտնվել էր Ադրբեջանի ագրեսիվ և ռասիստական քաղաքականության թիրախում: Ոչ  ամբողջական ցուցակների համաձայն՝ միայն 1989թ. մայիսից մինչև դեկտեմբեր Բաքվում սպանվել է շուրջ 60 հայ:

Ներկայումս Ադրբեջանը ոչ միայն պետական մակարդակով վարում է նույն ռասիստական քաղաքականությունը, այլ նաև ամեն ջանք գործադրում է խեղաթյուրելու հայերի ջարդերի վերաբերյալ իրականությունը՝ առաջ քաշելով այնպիսի կեղծ և հակագիտական թեզեր, թե «հայերն են սկսել առաջինը», «անգամ Բաքվում հայերն են իրականացրել իրենց ջարդերը» և այլն: Սակայն առկա բազմաթիվ փաստերը և վկայությունները ի ցույց են դնում իրական պատկերը:

Ջարդերի ծավալման սկզբնական փուլն իր մաշկի վրա զգացել է նաև Էրիկ Մուքանյանը, ով այն ժամանակ իր ընտանիքի հետ բնակվել է Բաքվում: Մուքանյանների ընտանիքը մեկն էր այն ընտանիքներից, որոնք հասցրեցին մինչև ջարդերի ծավալումը լքել Բաքուն՝ իրենց բնակարանը փոխանակելով Հայաստանում ապրող ադրբեջանցու գյուղական տան հետ Հայաստանում: Էրիկը հիշում է, որ ադրբեջանցին անգամ հասցրել է սակարկել իր գյուղական անշուք տան համար:

Էրիկը նշում է, որ Բաքվում ջարդերի առաջին նախանշանները սկսեցին պարզորոշ երևալ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո: Հարևանները սկսել էին հայերին մեղադրել ամենատարբեր հորինովի մեղքերի համար: Այդ ժամանակ, Է. Մուքանյանի խոսքով, Բաքվի շատ հայեր չէին պատկերացնում՝ ինչ զարգացումներ կարող է ստանալ այս ամենը:

Էրիկը նշում է, որ այդ ժամանակ իր հայրը Կիևում գործուղման էր: իրենք զանգահարել են նրան և պատմել, թե ինչ է կատարվում, բայց նա չի հավատացել: «Բոլշևիկ մարդ ա եղել, էլի, դե կոմունիստ»,– նշում է Էրիկը: Հետո, երբ հայրը վերադարձել է և տեսել ինչ է կատարվում՝ անմիջապես հավաքել է ողջ ընտանիքը և ուղարկել օդանավակայան՝ ասելով. «Ավելի լավ է դուք օդանավակայանում ապրեք, քան տանը»: «Մենք երեք օր ապրեցինք օդանավակայանում», - հիշում է Էրիկը:

Հայաստանում իրավիճակն այլ էր: էրիկը պատմում է, որ տեղի ադրբեջանցիները իրենց վտանգի մեջ չէին զգում: Այդ ժամանակ արդեն բնակարանների փոխանակում էր տեղի ունենում, և ադրբեջանցիներին հաջողվում էր հայկական գյուղերում գտնվող իրենց տները փոխանակել Բաքվում հայերի բնակարանների հետ՝ հաջողեցնելով անգամ Բաքվում ավելի լավ տեղ ընտրել և հայերից հավելավճար պահանջել՝ 10-15 հազար ռուբլու չափով: Հայ ոստիկանները և իշխանությունները չէին թույլատրում, որ ադրբեջանցիներին ինչ-որ մեկը թալանի կամ վիրավորի: 

«Նրանք սակարկում էին: Իսկ եթե ինչ-որ մեկը փորձում էր … ասել դե ավելի արագ, փոխանակե՛ք և գնացե՛ք, ապա նրանք հենց այնպես ոստիկանություն էին կանչում: Հայ ոստիկանները գալիս էին և նրանց աջակցում: «Հանգիստ փոխանակեք և լուծեք ձեր հարցերը [ասում էին ոստիկանները]: Եթե նրանք բողոք գրեն, մենք ձեզ կդատենք»: Իսկ մենք ասում էինք. «Իսկ դա ինչպե՞ս: Դուք գիտե՞ք՝ ինչպես են նրանց [ադրբեջանցի] ոստիկանները մեզ [հայերին] վերաբերվում»: «Բայց մենք նրանց նման չենք [պատասխանում էին ոստիկանները], մենք պետք է այնպես անենք, որ դուք նորմալ փոխանակվեք, և նրանք գնան»,- հիշում է Էրիկը:

Հարցին՝ ի՞նչ կարող էր լինել, եթե հայերը չհեռանային, Է. Մուքանյանը ուղղակի պատասխանում է. «Նրանց կսպանեին»:  Բաքվից հայերի բռնագաղթը շարունակվել է մինչև 1990 թ.: 1990թ. հունվարին, երբ Բաքվում և շրջակա ավաններում 250-հազարանոց հայկական համայնքից մնացել էր ընդամենը 25-30 հազար հայ, սկսվեց ջարդերի ակտիվ փուլը: Հայերին սպանում և թալանում էին՝ առանց սեռային և տարիքային խտրականության: Այն հայերը, որոնք կարողանում էին փրկվել ջարդերից՝ լաստանավով կարողացան հասնել Կրասնովոդսկ (Թուրքմենստան): Մինչև այժմ հայտնի չէ Բաքվում հայերի ջարդերի զոհերի ճշգրիտ թիվը, բայց մոտավոր գնահատականներով 1988-1990 թթ. սպանվել, կամ ստացած վերքերից Բաքվից բռնագաղթելուց հետո այլ վայրերում մահացել է մինչև 500 մարդ:

Էրիկ Մուքանյանն իր պատմությունն ավարտում է հետևյալ խոսքերով. «Ի՞նչ կլիներ, եթե [հայերը] չգնային Բաքվից: Նրանց կսպանեին: Իմ ուսուցչուհին, նրա ազգանունը հայկական չէր, մտածում էր՝ կարող է մնալ: Ես հետո իմացա, որ նրան սպանել են [տան] մուտքի մոտ»:

Վլադ Վարդանյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ