Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ոչինչ, զորքերը կհեռանան, ամեն գյուղում մի ռուս կախված կլինի». ռուսները Բաքվի ջարդերի մասին

«Ոչինչ, զորքերը կհեռանան, ամեն գյուղում մի ռուս կախված
կլինի». ռուսները Բաքվի ջարդերի մասին

1988-1990թթ. «բազմամշակութային» Բաքուն արյունահեղությունների, բռնությունների, կոտորածների քաղաք էր ոչ միայն հայերի, այլ նաև ռուսների, օսերի, հրեաների և այլ ազգերի ներկայացուցիչների համար։ Ջարդերի ականատեսները վկայում են, որ այդ օրերին քաղաքը շնչում էր ատելության մթնոլորտով. Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ վիրավորական պաստառներ, գրություններ հանդիպում էին ամենուր՝ տան պատերի վրա, փողոցներում, կրպակներում:

Ռուսաստանի գրողների միության «Литературная Россия» թերթը հավաքել է Բաքվի փախստականների վկայությունները, ովքեր ժամանակավորապես տեղավորվել էին տարբեր հյուրանոցներում և հանգստյան տներում։ Թերթի 1990թ. փետրվարի 2-ի համարում նշվում է, որ ՌԽՖՍՀ Նախարարների խորհրդի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ փախստականների տեղավորման հարցերի կազմակերպման նպատակով։ Հունվարի 25-29-ը աշխատանքային խումբը Մոսկվայի, Կալինի, Ռյազանի, Կոստրոմայի մարզերի պանսիոնատներում, հանգստյան տներում և պիոներական ճամբարներում տեղավորել է 2796 քաղաքացիների, ովքեր ստիպված լքել էին Ադրբեջանը։ Փատացի, նրանց թիվը ավելի շատ էր. հազարից ավել մարդ գրանցվել, բայց տեղավորվել է ծանոթների կամ հարազատների մոտ, այս թիվը չի ներառում նաև զինծառայողների ընտանիքներին, ովքեր նույնպես դարձել են փախստականներ։ Նշենք նաև, որ խոսքը միայն Մոսկվայում և Մոսկվայի մերձակայքում բնակեցված փախստականների մասին է։ Հունվարի 18-22-ը Մոսկվայի մերձակայքում գտնվող պանսիոնատներում տեղավորվել է 800 հայ։

Վալենտինա Օկոլզինան, ով զինծառայողի կին էր, նշում է, որ հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը նրանց ադրբեջանցի ոստիկան հարևանը եկել է և զգուշացրել, որ հեռանան, թե չէ գիշերը նրանց համար վատ է լինելու.

«Այդպիսի վերաբերմունք չկար։ Նրանք [ադրբեջանցիները] գնդացիրներ էին դրել ծննդատան և նյարդաբանական հիվանդանոցի տանիքին և երբ կանայք երեխաների հետ դուրս էին գալիս, որպեսզի թաքնվեն զինվորական հատվածում, կրակում էին նրանց ուղղությամբ, իսկ երբ ադրբեջանցիներն էին դուրս գալիս իրենց մեքենաներից՝ դադարում էին կրակել», – նշում է Վ. Օկոլզինան:

Ջարդերի, կոտորածների, վայրագությունների համար ադրբեջանցիները ռուս և այլազգի երեխաներին օգտագործում էին որպես կենդանի վահան։ Փախստականներից մեկը, ով չի ցանկացել անունը նշել, պատմում է, որ ահաբեկիչները իրենց երեխաներին որպես պատանդ քարշ տալով տանում էին դատարկ ուղղափառ եկեղեցի.

«Փակել էին դուռը և եկեղեցու տանիքից կրակում էին զինավանի վրա։ Պատկերացնու՞մ եք մայրերի վիճակը։ Մեր զինծառայողները զրահափոխադրիչով մոտեցան եկեղեցուն և իրենց կյանքի գնով զինաթափեցին ահաբեկիչներին»։

Գորբունով ամուսինները, ովքեր նույնպես փրկվել են Բաքվի ջարդերից, նշում են, որ ջարդարարները դիմում էին ամենանենգ միջոցներին՝ սպառնում էին քաղաքացիական բնակչությանը, կանանց և երեխաներին օգտագործում էին ռուսական զորքի դեմ:

«Երբ մտել էին մեր զորքերը, ռուս կանանց և երեխաներին ստիպում էին պառկել ճանապարհին, որ արգելափակեին տանկերի ճանապարհը»։

Բաքվի ջարդերից փրկված ռուսները, վերհիշելով տեղի ունեցածը, պատմում էին ադրբեջանցիների՝ նրանց նկատմամբ թշնամական, խտրական, ատելությամբ լի վերաբերմունքի մասին։ Ստորև ներկայացրել ենք հատվածներ ռուս փախստականների պատմածներից, որոնք լավագույն կերպով ցույց են տալիս ադրբեջանցիների վերաբերմունքը այլ ազգի ներկայացուցիչների նկատմամբ.

  • «Թո՛ղ զինվորները ձեզ հաց տան, իսկ մենք ձեր աչքերը կհանենք»
  • «Ռուսնե՛ր, կորեք, ռուսներ՝ զավթիչներ, ռուսներ՝ խոզեր»
  • «Ոչինչ, զորքերը կհեռանան, այստեղ ամեն գյուղում մի հատ ռուս կախված կլինի»
  • «Մեր աչքերի դիմաց ռուս տղան գնացել էր հաց գնելու, իսկ վաճառողը թքեց նրա դեմքին»

«Բազմամշակութային», «հանդուրժող» Բաքվում ատելության զրկանքը իրենց մաշկի վրա զգացել են քաղաքում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ևս։ Օրինակ, ազգությամբ ուկրաինացի փախստականներից մեկը նշում է, որ վերջին երկու տարում [1988 թ.-ից] Բաքվում շրջել է անձնագրով, որպեսզի իրեն հայուհու տեղ չընդունեն.

«Դեկտեմբերին և հոկտեմբերին անգամ դա չէր փրկում։ Փողոցներում ու ռադիոյով մարդկանց քարոզում էին առանց այլադավանների իսլամական հանրապետության ստեղծման գաղափարը։ Մենք դարձանք անպետք»։

Բաքվի ջարդերը վերապրածների պատմություններից ակնհայտ է մի բան. այդ ժամանակ ատելության, խտրականության, էթնիկ զտման թիրախում ոչ միայն հայերն էին, այլ նաև Ադրբեջանում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունները։ Անկախությունից հետո, ռուսական համայնքը, որը նույնպես մեծ թիվ էր կազմում Ադրբեջանում, գնալով ավելի փոքրացավ։ Ադրբեջանի 1999թ. անցկացված  մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ 1989թ. համեմատ ռուսական համայնքը կրճատվել է երեք անգամ [Этнический состав Азербайджана (по переписи 1999 года), Юнусов А..]։

Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր ռասիստական և ձուլման քաղաքականությունը, որի թիրախներն այդ երկրի ներսում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներ են, ինչպես նաև արդեն հարևան երկու անկախ երկրներում բնակվող հայերը, որոնք, ի տարբերություն 1905, 1918 և 1990 թվականների՝ արդեն իրենք են իրենց անվտանգության երաշխավորը:

Վլադ Վարդանյան

Մարիամ Ղուկասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]