ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան կբացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին հայտնեցին դեսպանատնից:
«Սգո մատյանը բաց կլինի այսօր` 15:00-17:00-ն, և վաղը, ժամը 11:00-13:00-ն»,- նշեցին Հայաստանում ԻԻՀ դեսպանատնից:
Հունվարի 3-ին Ղասեմ Սոլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի հարվածով։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սոլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սոլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սոլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊-ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել:
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում: