1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանական ԶԼՄ-ներն օգտվում են Սուլեյմանիի սպանությունից՝ տարածելով հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ներն օգտվում են Սուլեյմանիի սպանությունից՝ տարածելով 
հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցներն, օգտվելով գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից, ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի  և Իրանի բարեկամական հարաբերություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Տեղեկատվության ստուգման կենտրոնի infocheck.am-ը: 

Օգտվելով այս օրերին Իրանում ստեղծված իրավիճակից` ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ է տարածում, թե  վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։

Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահին։

Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ։

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]