Հարցմանը մասնակցած երևանցիների ավելի քան 51 տոկոսը Ամանորն ընկալում է որպես հաճելի աշխատանք
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 600 քաղաքացու շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց 85.3 տոկոսն Ամանորը նշելու է տանը, այնուամենայնիվ նախորդ տարվա համեմատ ավելացել է երկրից դուրս նշել պատրաստվողների թիվը: Ընդ որում, հարցվածների կեսից մի փոքր ավելին Ամանորին վերաբերվում է որպես հաճելի աշխատանք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը հրավիրված ասուլիսում ներկայացրեց կազմակերպության նախատոնական հետազոտության արդյունքները, որոնք պարզել են, թե երևանցիներն ինչպես, որտեղ և որքանով գումարով են սիրում նշել Ամանորը:
«Հարցվածների 85.3 տոկոսը նշել է, որ Ամանորը պատրաստվում է դիմավորել տանը, 4 տոկոսը՝ երկրից դուրս։ Ընդ որում, ամենաշատը նշել են, որ գնալու են Վրաստան, ավելի փոքր մաս նաև՝ դեպի Եգիպտոս, Դուբայ: Ամանորը քաղաքից դուրս նշել է պատրաստվում հարցվածների 4.2 տոկոսը, ընդ որում՝ նախընտրելի ուղղություններն են եղել հիմնականում Ծաղկաձորը, Ջերմուկը: Հարցվածների 0.8 տոկոսը պատրաստվում է Ամանորը նշել ռեստորանում, սրճարանում կամ այլ ժամանցի վայրում, 0.5 տոկոսը՝ բարեկամի, ազգակցի տանը, 0.2 տոկոսը՝ ընկերոջ տանը: Հարցվածների 1.5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,-ասաց Դաջունցը։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ Ամանորը տանը չնշողների թիվը որոշակիորեն ավելացել է: Երևանի կտրվածքով 3 տոկոսի չափով աճ է գրանցվել, ավելացել է երկրից դուրս մեկնողների թիվը:
Ամանորի վերաբերյալ ընկալումների հարցին կեսից ավելին՝ 51.5 տոկոսը պատասխանել է, թե դրան վերաբերվում է որպես հաճելի աշխատանք, այնուհետև 15.5 տոկոսը՝ հաճելի հանգստյան օրեր: Ամանորը որպես ավելորդ ծախս է համարել հարցվածների 9 տոկոսը, որպես պարտականություն՝ 7.8 տոկոսը, ֆինանսական ծանր բեռ՝ 7 տոկոսը, ձանձրալի հոգնեցուցիչ գործընթաց՝ 6.2 տոկոսը, դժվարացել է պատասխանել նրանց 1.2 տոկոսը:
Հարցվածների կեսը նշել է, թե Ամանորի համար գնումներ կատարում են վերջին 10 օրվա ընթացքում, 34.8 տոկոսը՝ դեկտեմբերին, գնումներ չի կատարում 7.8 տոկոսը, նոյեմբերին՝ նրանցից 3.2 տոկոսը, այլ տարբերակ է նախընտրել 3 տոկոսը, դժվարացել է պատասխանել 0.8 տոկոսը:
Հարցվածների կեսից ավելին նշել է, որ գնումներ է կատարում սուպերմարկետներից, մոտ 20 տոկոսը՝ շուկայից: Դաջունցը նկատել է՝ մարդիկ տարեցտարի ավելի քիչ են օգտվում շուկաներից, նախընտրում են սուպերմարկետներից գնումները կատարելը:
Հարցին, թե ում համար են նվերներ պատրաստում, հարցվածների 88.3 տոկոսը պատասխանել է՝ ընտանիքի անդամների, բարեկամների, ազգակիցների համար՝ նրանցից 51 տոկոսը, ընկերների համար՝ 45.7 տոկոսը, կոլեգաների համար՝ 31 տոկոսը:
Թե Ամանորին ինչ նվերներ են պատրաստում, 33.3 տոկոսը պատասխանել է՝ խաղալիքներ՝ երեխաների համար, 26.7 տոկոսը՝ հագուստ կամ կոշիկ, իսկ նրանց մոտ 14 տոկոսը նշել է գումար: Գիրք նվիրողների թիվը մի քանի տարիների արդյունքներով շարունակում է մնալ գրեթե նույնը, այս տարի՝ մոտ 12 տոկոսը: Հարցվողների 17.5 տոկոսը նշել է, որ ցանկանում է Ամանորին որպես նվեր ստանալ գումար: Ոչ նյութական արժեքներ, օրինակ` առողջություն է ուզել նրանց 8.3 տոկոսը։ Գիրք նվեր ստանալ ցանկացողները եղել են 3.3 տոկոս: Դաջունցը նկատեց՝ հեռախոս, սմարթֆոն նախորդ տարիներին ավելի շատերն են ցանկացել ստանալ:
Մեկ նվերի համար 23.8 տոկոսը նախատեսում է 3000-6000 դրամ, 22.3 տոկոսը՝ 6000-10 000 դրամ, իսկ 13.8 տոկոսը՝ մինչև 3000 դրամ:
Հարցվածների 76.5 տոկոսը նշել է, թե զարդարելու է արհեստական եղևնի, 17.7 տոկոսը՝ բնական, իսկ չի զարդարելու նրանց 6 տոկոսը:
Ամանորյա տաք ուտեսներից տոլմա է պատրաստում հարցվածների ամենամեծ հատվածը՝ 69 տոկոսը, բլինչիկ՝ 60 տոկոսը և խոզի ազդր՝ 57.2 տոկոսը: Նրանց 43 տոկոսը նշել է, որ պատրաստելու է գաթա, 10.8 տոկոսը՝ փախլավա, նապոլեոն՝ 35.2 տոկոսը: Հարցվածների մեծամասնությունը՝ 64.7 տոկոսը, պատասխանել է, որ Ամանորին պատրաստելու է մայրաքաղաքային աղցան։ Երևանցիները նախընտրում են, որ ամանորյա սեղանին լինի օղի, գինի, կոնյակ և շամպայն: Հարցվածների 77.8 տոկոսը նշել է, որ ամանորյա սեղանին դնելու է օղի, 77 տոկոսը՝ գինի, 54.3 տոկոսը՝ կոնյակ: