Զինված ուժերում նվազել են մահվան ելքով դեպքերն ու պատահարները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահվան ելքով դեպքերն ու պատահարներն անցնող տարում նվազել են 20 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Նա հայտնեց, որ ռազմական հոսպիտալներ դիմողների թիվը նվազել է 7 տոկոսով, իսկ բուժկետեր դիմողների թիվը՝ 5 տոկոսով:
«Այս ցուցանիշները մենք կարևոր ձեռքբերում ենք համարում: Սրանց հնարավոր է եղել հասնել հետևողական կանխարգելիչ աշխատանքների արդյունքում», - նշեց Արտակ Դավթյանը:
Նա հավելեց նաև, որ այս պահին իրականացվել է ձմեռային զորակոչի 20 տոկոսը: «Զորակոչի հետ կապված լուրջ բողոքներ, խնդիրներ այս պահի դրությամբ մեզ մոտ չկան»,- հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Դավթյանը հայտնեց նաև, որ 2019 թվականին զինված ուժերում գրանցվել է սպանության և ինքնասպանության հասցնելու 14 դեպք՝ նախորդ տարվա 12 դեպքի դիմաց: