Հասարակական

Իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. ԱԺ նախագահը՝ հրադադարի պայմանավորվածության մասին

3 րոպեի ընթերցում

Իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. ԱԺ նախագահը՝ հրադադարի պայմանավորվածության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրադադարի պայմանավորվածության հարցում Հայաստանի բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են, իրավիճակի շտկման հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն:

Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ո՞ր գործընկերներն են գլխավոր դերակատարն այս հարցում՝ Սիմոնյանն ասաց. «Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են՝ ՌԴ-ն, Ֆրանսիայի Հանրապետությունը: Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները»:

ԱԺ նախագահը դա շատ ողջունելի համարեց:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ կհաջողվի կայուն պահել իրավիճակը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել: «Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման: Մեր աշխատանքի տրամաբանությունը լիովին այդ տրամաբանության մեջ է, հակառակորդի «բարի կամքի» կամ որևիցե պայմանավորվածության վրա որևիցե հույս դնել չի կարելի: Մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում», - ասաց նա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած վերջին հարձակման արդյունքումօկուպացրել է 10 քառակուսի կիլոմետր տարածք:

Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ դա որևիցե բնակավայրի չի վերաբերում: «Հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, հարձակումը եղել է դիրքերի ուղղությամբ, դիրքերի մասով է եղել այդ փոփոխությունը: Տեղ է եղել, որ մեր կողմից դիրքը հետ է վերցվել, տեղ է եղել, որ իրենք են ինչ-որ հաջողության հասել»,-ասաց ԱԺ նախագահը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում