Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ արտգործնախարարը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնային ժողովի անդամների հետ

ՀՀ արտգործնախարարը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնային ժողովի 
անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին Մոսկվա այցի շրջանակներում աշխատանքային նախաճաշ ունեցավ ՌԴ Պետական Դումայի և Դաշնային Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծեցին նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։ Վերջիններս իրենց աջակցությունը հայտնեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերին:

Անդրադարձ կատարվեց Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որը երկկողմ դաշնակցային հարաբերությունների առաջ մղման հարցում իր ուրույն դերակատարությունն ունի:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ այդ զարգացումների օրակարգը զուտ ներհայաստանյան էր, բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Կառավարության ծրագիրը և այնտեղ մատնանշված առաջնահերթությունների հիմնական խնդիրները, կառավարության կողմից մատնանշված արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարին՝ ընդգծելով, որ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են և բանական:

Հայաստանի արտգործնախարարը և Ռուսաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները բարձր գնահատեցին հայ-ռուսաստանյան խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Զրուցակիցները կարևորեցին հայ համայնքի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական, եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և կարևորեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կարևոր ներդրումը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ հայկական կողմի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է և Արցախի բնակչության անվտանգությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am