Մշակույթ

Բյուրականի Արտավազիկ եկեղեցում առաջին անգամ նորոգման աշխատանքներ են իրականացվում

4 րոպեի ընթերցում

Բյուրականի Արտավազիկ եկեղեցում առաջին անգամ նորոգման աշխատանքներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթերորդ դարում կառուցված Արտավազիկ եկեղեցին, որը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում նորոգվում է: Այստեղ վերականգնման աշխատանքներ առաջին անգամ են իրականացվում: Աշխատանքները մեկնարկել են մեկ ամիս առաջ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ միասին հոկտեմբերի 28-ին Արտավազիկում էր:

«Եկեղեցու հատակը մասնակի տեղահանված է. շինարարները վերականգնել են դրա մի մասը: Գետնախարիսխներից որոշ հատվածներ մասնակիորեն քայքայված են. նորոգում ենք այդ մասը: Կանգուն մնացած պատերը, հատկապես՝ հարավարևելյան հատվածը, ամբողջությամբ քայքայված էր ու այնտեղ ջուր էր ներթափանցում՝ արագացնելով քայքայումը: Աշխատում ենք լուծել նաև այդ հարցը: Լրացվում են տանիքածածկույթի որոշ հատվածներ, հեռացվելու է ջրի թաց կետը, որը վնասում է կառույցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Նա ընդգծեց, որ եկեղեցին ամբողջությամբ վերականգնելու ծրագիր դեռ չկա, քանի որ միջոցները սուղ են: Առաջնային նպատակը եղածը պահպանելն է:

Արտավազիկի վերականգնման համար պետբյուջեն տրամադրել է 11 մլն դրամ:

Վերակառուցվում են նաև Արմավիրի մարզի Թարգմնաչաց վանքը և Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երեք հուշահամալիրների վերականգնման աշխատանքներն էլ իրականացնում է «Արհովշին» շինարարական կազմակերպությունը:

Անդրադառնալով կազմակերպությանը՝ Արմեն Ամիրյանն ասաց. «Մենք հայտնվել էինք մի շրջանակում. հայտարարվող մրցույթներին մասնակցում և հաղթում էին միևնույն տեխվերահսկողներն ու շինարարական կազմակերպությունները, ինչն արդեն իսկ շատ վատ էր։ Մրցույթի պայմաններից հանեցինք շինարարական ընկերության հուշարձանների վերականգնման ոլորտում առնվազն 5-10 տարվա փորձառության պահանջը։ Փոխարենը նշեցինք, որ մրցույթին կարող է մասնակցել առանց հիշյալ փորձառության կազմակերպություն՝ իր աշխատանքում ներգրավելով փորձառու մասնագետի։ Արդյունքում դաշտում հայտնվեցին թեև պակաս փորձառությամբ, բայց նոր կազմակերպություններ:

Դա կարևոր է, քանի որ լուրջ վտանգներ են թաքնված այնտեղ, որտեղ տասնամյակներ շարունակ շինարարական հրապարակները միմյանց միջև են բաժանում միևնույն ընկերությունները»,- շեշտեց նախարարը։

Արմեն Ամիրյանը կարծում է, որ յուրաքանչյուր նախաձեռնության մեկնարկին հատուկ բոլոր դժվարություններով հանդերձ, մրցույթի անցկացման և հանրային վերահսկողության նման ձևաչափը հետագայում շոշափելի արդյունք կտա։

Արտավազիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Նրա հարևանությամբ է գտնվում 13-րդ դարի հսկա խաչքարը: Արևելքում եկեղեցու խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս-արևելյան անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արևմուտքում խաչթևի տանիքին ութերորդ դարումավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատունը։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում