Նոամ Չոմսկին խիստ մտահոգիչ է համարում իրադրությունը Թուրքիայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի լեզվաբան, փիլիսոփա Նոամ Չոմսկին մտահոգություն է հայտնել Թուրքիայում ապրիլին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին նա խոսել է Արիզոնայի համալսարանում հրավիրված քննարկմանը:
Հանրաքվեի մասին խոսելիս այն «խիստ մտահոգիչ» անվանող Չոմսկին ասել է, որ «Թուրքիայում ազատությունն ու արդարությունը ողբերգական հետընթաց են ապրել»:
Թուրքիայի մեջլիսը հավանություն է տվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմից առաջարկված սահմանադրական փոփոխություններին, որոնք բաղկացած են 18 կետից: Սահմանադրական փոփոխություններով երկիրն անցնում է կառավարման նախագահական համակարգի:
Մեջլիսում փոփոխությունների առաջարկի անցկացումը հնարավոր է եղել միայն ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության աջակցության շնորհիվ:
Խորհրդարանի կողմից հաստատումից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո այն կդրվի հանրաքվեի:Հանրաքվեն նախատեսվում է իրականացնել ապրիլի առաջին կեսին: