Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Բանակցություններ են տարվում Հնդկաստանից Հայաստանով դեպի Եվրոպա բեռնափոխադրումների շուրջ

Բանակցություններ են տարվում Հնդկաստանից Հայաստանով դեպի Եվրոպա 
բեռնափոխադրումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` փորձնական ճանապարհով Գերմանիայից ծովային 2 կոնտեյների փոխադրումը Հայաստանով դեպի Իրան թույլ է տվել հասկանալ այն հիմնական խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ ճանապարհին:

«Տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ուղին ավելի քան մեկ տարի առաջ ծրագրել էինք մեր գործընկերների հետ: Ծովային 2 կոնտեյներ Գերմանիայից դուրս էր եկել, գալով Ռումինիայի նավահանգիստ, ջրային ճանապարհով տեղափոխվել Փոթի, այնուհետև՝ երկաթուղով մինչև Երասխ կայարան, որտեղից էլ ավտոտրանսպորտով տեղափոխվել էր Իրան: Անհրաժեշտ էր հասկանալ, թե այդ ճանապարհն անցնող բեռնափոխադրումների ժամանակ ինչ կարգի խնդիրներ են հանդիպում, որպեսզի համակարգային լուծում տրվեր դրանց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Արթուր Առաքելյանի խոսքով` ճանապարհին հանդիպող հնարավոր խնդիրները զանազան բնույթ են կրում:

«Ըստ էության, ցանկանում էինք հասկանալ ժամկետները, հստակ պատկերացնել  այն արժեքները, որոնք ծախսվում են այդ փոխադրումների համար: Ենթակառուցվածքների խնդիր էլ կարող է լինել. քանի որ տրանսպորտի տարբեր միջոցներ են օգտագործվում, ապա տարբեր ենթակառուցվածքներ փոխելիս պետք է հասկանանք` արդյոք կա՞ն արհեստական որոշ ձգձգումներ, արդյոք հնարավո՞ր  է որեւէ նավահանգստում արագացնել կամ բարելավել գործընթացը: Նաեւ մաքսային ձեւակերպումներում, գուցե,  որոշ լիբերալ կանոնների ֆիքսման արդյունքում կարող ենք  ճանապարհը ավելի արդյունավետ դարձնել: Մենք կվերլուծենք  այդ խնդիրները կամ կփաստենք, որ դրանք իսպառ բացակայում են, եւ արդեն բիզնեսին կառաջարկվի փոխադրումների նոր տեսակ»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ինչ ծրագրեր կան առաջիկայում եւս նման տարանցիկ մուլտիմոդալ փոխադրումներ իրականացնելու ուղղությամբ, փոխնախարարը պատասխանեց.

«Առաջիկայում մտադիր ենք եւս մի քանի կոնտեյներ անցկացնել հետադարձ ճանապարհով: Ծրագրեր ունենք նաեւ մեր հնդիկ գործընկերների հետ Հնդկաստանից բեռներ տեղափոխել դեպի Եվրոպա: Իրանի կողմից արդեն կա պայմանավորվածություն, որ նավահանգիստներից մեկից կտեղափոխենք: Մոտակա օրերին կազմակերպչական աշխատանքները կավարտենք, իսկ Հնդկաստանի մասով  մեր կողմից է հնչել առաջարկը, ինչը հետաքրքրել է հնդկական կողմի որոշակի պատասխանատուներին, հիմա  շարունակում ենք բանակցությունները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am