ՆԳՆ-ն արձագանքել է մամուլում հրապարակված կեղծ տեղեկություններին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն արձագանքել է մամուլում հրապարակված կեղծ տեղեկություններին՝ հայտարարելով, որ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Այսօր մամուլում համակարգված, րոպեների տարբերությամբ հոդվածներ են հրապարակվել, թե իբր «ոստիկանական համակարգում կան դժգոհություններ, և հնարավոր է աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի», ինչպես նաև նշվել է Ոստիկանության «ագրեսիվ վարքագծի, ցուցարարներին ցրելու, ծեծելու» մասին։
Տեղեկացնում ենք, որ այս լուրն իրականության հետ որևէ աղերս չունեցող, կեղծ տեղեկություն է։ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները, իսկ որոշ խնդրահարույց դեպքերով ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվում են ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ։
Թիրախավորված տեղեկատվական այս գրոհը, ինչի շրջանակում հրապարակվում են բացահայտ սուտ, որոշ դեպքերում նաև ծիծաղելի տեղեկություններ, ուղղորդվում է որոշ շրջանակների կողմից, և նպատակ ունի ոչ միայն պառակտում մտցնել ոստիկանական շարքերում, այլև թիրախավորել և վարկաբեկել ՆԳՆ պաշտոնյային», - ասվում է հայտարարության մեջ։
ՆԳՆ-ը կոչ է անում կեղծիք տարածելով չդառնալ գործիք որոշ շրջանակների համար, քանի որ սրանով ոչ թե վարկաբեկվում է կառույցը կամ պաշտոնյան, այլ հենց լրատվամիջոցը, որը հրապարակում է բացահայտ սուտ տեղեկություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում