Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Շարմազանովը զինծառայողների հատուցման օրինագիծը կարևոր է համարում ողջ հայության համար

Շարմազանովը զինծառայողների հատուցման օրինագիծը կարևոր է համարում ողջ հայության 
համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման համար հատուկ հիմնադրամ ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի, Արցախի և ողջ հայության համար: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Առաջին հերթին մենք պետք է մի քանի հարց առանձնացնենք և տանք դրանց պատասխանները: Արդյոք Հայաստանի և Արցախի համար շարունակո՞ւմ են մնալ առաջնային: Պատասխանն է՝ այո: Անկախ տնտեսական, սոցիալական, ժողովրդավարական զարգացման միտումներից՝ մեր հայրենիքի ամենակարևոր խնդիրը մնում է ազգային անվտանգությունը: Եվ դեռ երկար ժամանակ անվտանգության հարցերը մնալու են առաջնային: Այդ ճանապարհը մենք չենք ընտրել, դա մեզ պարտադրվել է, ուստի մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար, որովհետև առանց անվտանգության ամրապնդման մենք չենք կարող խոսել տնտեսական զարգացումից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ եկել է ժամանակը, որ բոլորը գիտակցեն, որ ոչ թե հայրենիքը պետք է ինչ-որ բան իրենց համար անի, այլ յուրաքանչյուրը՝ պատգամավոր, թե շինական, մտավորական, թե մարզիկ պետք է մտածի, թե ինչ կարող է տալ հայրենիքին: «Արդյոք ազգային տուրքի գաղափարը այս դեպքում ճիշտ է: Իհարկե, ճիշտ է: Ես կարծում եմ, որ ապագայում այս հիմնադրամի աշխատանքներին ակտիվորեն պետք է ներգրավվեն մեր հայրենակիցները սփյուռքից»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն անդրադարձավ նաև բանակում եղած չարաշահումների մասին խոսակցություններին: Նա ընդգծեց, որ ընդունում է, որ երկրում կան չարաշահումներ, կա կոռուպցիա: «Մենք իմացանք, որ մեր հյուսիսային դաշնակից երկրում կոռումպացված նախարար է ձերբակալվել: ԱՄՆ-ում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ ԱՄն-ի նման ժողովրդավարական երկրում կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր, և թեկնածուներից մեկը մյուսին կոռուպցիայի մեջ է մեղադրում: Սա մեզ հի՞մք է տալիս, որ մենք ասենք, թե չենք ցանկանում բարելավել վիճակը, իհարկե, չի տալիս նման հիմք: Սակայն չի կարելի այս մաքուր, ազգային գաղափարը խառնել կոռուպցիայի հետ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ պետական բյուջեն չունի բավարար ռեսուրսներ, որպեսզի հնարավոր լինի խնդիրը կարգավորել բյուջեի հաշվին: «Եթե պետական բյուջեն ունենար այդ հնարավորությունը, վստահ եղեք, որ 25 տարվա Հայաստանի իշխանությունները դա կանեին»,-եզրափակեց Շարմազանովը՝ հիշելով Նապոլեոն Բոնապարտի հայտնի խոսքը. «Եթե դու պատրաստ չես պահել քո բանակը, ստիպված ես լինելու կերակրել ու պահել օտարի բանակը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am