Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Շարմազանովն Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչումը ժամանակի խնդիր է համարում

Շարմազանովն Արցախի  Հանրապետության դե յուրե ճանաչումը ժամանակի խնդիր է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում քաղաքական կամքի բացակայություն կա միայն ադրբեջանական կողմի մոտ: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք մեր կարծիքն ասել ենք: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո եղել է արտգործնախարարների հայտարարություն, և Հայաստանի նախագահը Մոսկվայում հստակ հայտարարել է, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, որ կարևորը պատճառների, ոչ թե հետևանքների վերացումն է: Իսկ պատճառները կապված են նրա հետ, որ Ադրբեջանը չի ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրավունքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ հայկական կողմի կարծիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե յուրե ճանաչումը ընդամենը ժամանակի խնդիր է: «Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր դիրքորոշումը, և մենք այն արտահայտում ենք թե Երևանում, թե Մոսկվայում, թե Բուենոս Այրեսում, թե այլ վայրերում»,- ասաց նա:

Անդրադառնալով տարածքային փոխզիջումների մասին խոսակցություններին՝ Շարմազանովն ընդգծեց, որ առաջնայինը կարգավիճակի հարցն է: «Տարածքներից պետք չէ խոսել, ես նրանց բազմաթիվ անգամ ցույց եմ տվել տարածքների տեղը: Վերջերս էլ Դավիթ Բաբայանը շատ դիպուկ ցույց է տվել տարածքների տեղը: Խոսքը Մարտունաշենի, Գետաշենի մասին է: Եթե օկուպացված տարածքներ են ման գալիս, թող այնտեղ փնտրեն: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարը, որը սկսվել է 1988 թ.»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով: Դուք տեսաք, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը տրամագծորեն այլ բան ասաց նրանից, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպման ընթացքում: Խնդիրը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, մենք էլ այդ պայքարի երաշխավորն ենք: Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա միջազգային նորմերի համապատասխան իրացնել իր ինքնորոշման իրավունքը»,- ընդգծեց նա:

Շարմազանովը հավելեց, որ ԼՂ հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը: «Ադրբեջանը փորձում է այս ամենը ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն սա տարածքային վեճ չէ, սա ինքնորոշման իրացման պայքար է, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի նույնքան ինքնորոշվելու իրավունք, ինչպես Արևելյան Թիմորը, Կոսովոն»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ բանակցությունների լիարժեք կողմ պետք է դառնան Արցախի իշխանությունները և իրենք պետք է կայացնեն վերջնական որոշումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am