Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կենտրոնական բանկի ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի մրցույթին ֆինանսների մասին գիտելիքներով փայլեց Արարատի թիմը

Կենտրոնական բանկի ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի մրցույթին ֆինանսների 
մասին գիտելիքներով փայլեց Արարատի թիմը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ջանքերով  իրականացվող  «Brain-Ring» մրցույթի հաղթողն Արարատի մարզի թիմն է: Երկրորդ տեղը բաժին հասավ Երևանի, իսկ երրորդ տեղը` Շիրակի մարզի թիմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության ու ֆինանսական կրթման կենտրոնի ծրագրերի կոորդինատոր Սոնա Լալայանը հիշեցրեց, որ բանկը  ապրիլը հայտարարել է «Իմ ֆինանսների ամիս», որի նպատակն է անձնական ֆինանսների ճիշտ կառավարման հարցի կարևորումը հանրության շրջանում: «Կենտրոնական բանկը եզրափակիչ ու կիսաեզրափակիչ փուլերի համակազմակեպիչ է և ունի մրցանակներ հաղթող թիմերի ու մասնակիցների համար»,-հավելեց Սոնա Լալայանը:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից ու դպրոց է ներմուծել տնտեսագիտության առարկան: «Յոթ տարի առաջ Կենտրոնական բանկի հետ սկսեցինք սերտ համագործակցել ու ծնվեց այս մրցույթը, որն իրականացվում է արդեն յոթ տարի: Ինչպես գիտեք` հաղթող թիմն էլ կազմակերպության կողմից մեկշաբաթյա ամառային ճամբար է հրավիրվում, ուր ավելի կամրապնդեն նրանց տնտեսագիտական գիտելիքները»,-տեղեկացրեց Արմինե Հովհաննիսյանը:

ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշեց, որ սերտորեն համագործակցում են ինչպես «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ, այնպես էլ Կենտրոնական բանկի` Ֆինանսական կրթության ռազմավարական ծրագրի համատեքստում: «Մենք շատ ենք կարևորում այս ծրագիրը, քանի որ այն երեխաներին տալիս է սեփական ֆինանսական ռեսուրսներն առավել գրագետ ու ճիշտ կառավարելու գիտելիք ու կարողություն»,-փաստեց ԿԳՆ պաշտոնյան:

Հաղթող թիմի մարզիչը նկատեց, որ հաղթեց գիտելիքը, ընկերասիրությունն ու համերաշխությունը: «Ցանկանում եմ, որ հետագայում լավ մասնագետներ դառնաք ու հիշեք, որ տնտեսագիտությունը բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց էլ անհրաժեշտ է»,-ասաց նա: Թիմի ավագն էլ շնորհակալություն հայտնեց մրցակցային խաղի համար և թիմի անունից հաղթանակը նվիրեց իր թիմակցին, ում ծննդյան օրն է այսօր:

Մրցույթի ընթացքում Կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցող թիմերի պատասխանները գնահատելիս հանձնաժողովը կարևորեց ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը, հետաքրքիր և համոզիչ մեկնաբանություններն ու թիմային աշխատանքը:

Մրցույթի ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից հնչեցված հարցերին ճիշտ պատասխանած թիմերը ստացան մրցանակներ: Կրթության և գիտության նախարարության հատուկ մրցանակը շնորհվեց Վայոց ձորի թիմին: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մրցանակը տրվեց Լոռիի թիմի անդամներին, Ֆինանսական համակարգի հաշտատարի գրասենյակը մրցանակը` Արագածոտնի մարզին: Գերմանական Խնայբանկի մրցանակը շնորհվեց Տավուշի մարզին, Վարկային կազմակերպությունների միության մրցանակը` Գեղարքունիքի մարզի թիմին:  «Պրոմեթեյ բանկի» մրցանակը տրվեց Արմավիրի թիմի մարզիչին: «Ինգոարմենիա» ապահովագևական ընկերության մրցանակը շահեց Սյունիքի մարզի թիմը:

«Brain-Ring» մրցույթը անցկացվել է մի քանի փուլով. նախնական փուլերը կազմակերպվել են մարզերում, և յուրաքանչյուր մարզի հաղթած թիմը, որը բաղկացած է հինգ աշակերտից, հնարավորություն է ստացել մասնակցելու Երևանում կազմակերպվող կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերին:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդել տնտեսագիտական հիմնարար գիտելիքներ, նրանց ծանոթացնել շուկայական տնտեսության սկզբունքներին, զինել անհրաժեշտ ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով և կարողություններով: Կազմակերպությունը նաև հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդների շրջանում նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am