Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անդրանիկ Կարապետյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն դարձավ

Անդրանիկ Կարապետյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն դարձավ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 77 կգ քաշային կարգի մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները փայլուն հանդես եկան՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի և փոխչեմպիոնի կոչումները: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ հայ ծանրամարտիկների մեծ առավելությամբ է ավարտվել 77 կգ քաշային կարգում պայքարը Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 21-ամյա Անդրանիկ Կարապետյանը, ում հաջողվել է ցուցադրել երկամարտի ընդհանուր 367 կգ արդյունք: Պոկում վարժությունում Կարապետյանին նախ հաջողվել է բարձրացնել 165 կգ, ապա 170 կգ ծանրաձողը, սակայն 174 կգ ծանրաձողը 3-րդ մոտեցման ժամանակ չի ենթարկվել հայ ծանրորդին: Անգամ 170 կգ արդյունքը բավարար էր, որ Կարապետյանը լավագույնը դառնար պոկում վարժությունում: Հրում վարժությունում Կարապետյանն իրեն ենթարկեց նախ 192 կգ, ապա նաև 197 կգ ծանրաձողը՝ 3-րդ մոտեցման համար պատվիրելով 200 կգ: Իրադարձությունների բերումով Կարապետյանը որոշեց 3-րդ անգամ հրում վարժությունում չմոտենալ ծանրաձողին. իր գրանցած արդյունքն արդեն իսկ լավագույնն էր:

Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի ընդհանուր 352 կգ արդյունք ցուցաբերեց՝ գրավելով երկրորդ տեղը և բարձրացնելով 4 կգ-ով ավելի, քան մոտակա մրցակիցը՝ Ռումինիայի ներկայացուցիչ Դումիտրու Կապտարին: Պոկում վարժությունում Մարտիրոսյանը թեև առաջին մոտեցման ժամանակ չենթարկեց իրեն 160 կգ ծանրաձողը, սակայն երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց այդ ծանրությունը: 3-րդ մոտեցման համար պատվիրելով 165 կգ ծանրաձող՝ Մարտիրոսյանը չկարողացավ այն բարձրացնել՝ գրանցելով երկրոդ արդյունքը պոկում վարժությունում: Հրում վարժությունում Մարտիրոսյանը հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 192 կգ ծանրաձողը: Չնայած երկրորդ և երրորդ մոտեցմամբ 197 կգ ծանրաձողը չենթարկվեց Մարտիրոսյանին, սակայն գրանցված արդյունքը 2-րդն էր հրում վարժությունում:

Եվրոպայի ծանրամարտի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ մրցաշարում Ռումինիան ներկայացնող Դումիտրու Կապտարին՝ երկամարտի ընդհանուր 348 կգ (156+192) արդյունքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am