Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մեդվեդևը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի մեջ թուրքական գործոնը

Մեդվեդևը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի մեջ 
թուրքական գործոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում չի բացառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի մեջ «թուրքական գործոնի» ազդեցությունը: «Չեմ բացառում, որ կան գործոններ, որոնք դրսից ազդում են հակամարտության վրա: Հնարավոր է, որ թուրքական գործոնը լինի հենց միայն այն պատճառով, որ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շաբաթօրյա «Վեստիի» եթերում ասել է Մեդվեդևը:

ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ Թուրքիան հանդարտության կոչեր անելու փոխարեն որոշակի գնահատականներ է տալիս, որոնք «կրակի վրա յուղ են լցնում: Մեդվեդևը միաժամանակ կարծում է, որ ավելի լավ է հակամարտությունը պահել «սառեցված» վիճակում, քան փորձել այն լուծել մարդկային կյանքերի գնով: «Ավելի լավ է պահպանվի այն իրավիճակը, որ կա, քան արյուն հոսի»,- ասել է ՌԴ վարչապետը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մեջ ՌԴ դերի մասին` Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ դրա էությունը «լարվածության աճը ոչ մի դեպքում թույլ չտալն է»: Նրա խոսքով` Բաքվի և Երևանի հետ Մոսվկայի դարավոր հարաբերությունները հնարավորություն են տալիս կողմերին առաջին հերթին դիմել Մոսկվային միջնորդական դեր խաղալու համար:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 46 կորուստ ունի, 19 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով`զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am