Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը վերլուծելու և գործակիցների փոփոխությունը դիտարկելու ժամկետը կկրճատվի

Պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը վերլուծելու և գործակիցների 
փոփոխությունը դիտարկելու ժամկետը կկրճատվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում մայիսի 17-ին քննարկման ներկայացվեց օրինագիծ, ըստ որի նախատեսվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը վերլուծելու և գործակիցների փոփոխության հնարավորությունները դիտարկելու գործընթացը դարձնել տարին մեկ անգամ՝ 3  տարվա փոխարեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։

Նրա խոսքով՝ մասնավորապես  «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է, որպեսզի «Քաղաքացիական աշխատանք կատարելու» վերտառությամբ հոդվածից առանձնացվի փորձագետին վերաբերող մասը և իրավակարգավորումներ տրվեն առանձին հոդվածով՝ առանց որևէ բովանդակային փոփոխության։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունը, բացի վարձատրության սկզբունքներից ու կարգից, նաև պետական մարմիններին հատկացված  աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության հետ կապված հարաբերությունների վրա են տարածվում։

«Մինչ այս օրենքը նախատեսում էր բազային աշխատավարձի և գործակիցների փոփոխությամբ աշխատավարձի բարձրացման համար աշխատաշուկայի վերլուծություն, իսկ պարգևատրման ֆոնդերի, այսինքն՝աշխատավարձի ընդհանուր ֆոնդի կամ աշխատավարձին հավասարեցված այլ վճարների ընդհանուր վերլուծություն չկար, որը նախատեսված է նաև կառավարության կողմից հաստատված պետական ֆինանսների կառավարման ռազմավարության 10-րդ բաղադրիչով»,-պարզաբանեց հիմնական զեկուցողը։

Ըստ Քալաշյանի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված փորձագետների, քաղաքացիական աշխատանք կատարող, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության վերլուծությունը ևս դարձնել նշված օրենքի իրավակարգավորման առարկա։

Օրինագծով ներկայացված նոր հոդվածով առաջարկվում է, որպեսզի  աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմինների կողմից տեղեկատվություն տրամադրվի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am