Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բարեւ Հայաստան. սիրիահայ Սեւանը Երեւանում կկատարի պապերի երազանքը. այստեղ կծնվի նրա առաջնեկը

Բարեւ Հայաստան. սիրիահայ Սեւանը Երեւանում կկատարի պապերի երազանքը. 
այստեղ կծնվի 
նրա առաջնեկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ Սեւանի սիրո պատմությունը յուրահատուկ է, իր տեսակով անկրկնելի ու շատ ռոմանտիկ: Սա մի պատմություն է, որտեղ սերը, կամքի ուժն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը հաղթահարել են բոլոր խանգարող հանգամանքները, դժվարություններն ու խնդիրները: Սեւանն ու Վարդանը նշանադրվում են Հալեպում: Նշանադրությունից հինգ օր անց Վարդանը գործերով մեկնում է Բեյրութ, եւ Սիրիայում սկսվում է քաղաքացիական պատերազմը:

‹‹Դեպի Հալեպ բոլոր Ճանապարհները փակվում են, եւ Վարդանը չի կարողանում ետ վերադառնալ: Մի կողմից՝ սիրելիս Բեյրութում էր, մյուս կողմից՝ Սիրիայում պատերազմ էր, անհասկանալի իրավիճակ, եւ ոչ ոք չգիտեր, թե դա ինչով կավարտվի: Սկզբում բոլորը կարծում էին, որ պատերազմը շուտ կվերջանա, ի վերջո, Սիրիան հզոր պետություն է: Սակայն ժամանակն անցնում էր, պատերազմը չէր ավարտվում, Վարդանն էլ շարունակում էր մնալ Բեյրութում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Սեւանը: Այսպես անցնում է երկու տարի: «Պատկերացնո՞ւմ եք, մենք երկու տարի չենք հանդիպել, հեռախոսակապը, ինտերնետը մի օր կար, մի օր չկար, եւ մենք անորոշության մեջ էինք մնում»,- ասում է Սեւանը` հավելելով, որ դեռեւս սիրիական պատերազմից առաջ դիմել էին Հայաստանի իշխանություններին` քաղաքացիություն ստանալու: Ճակատագրի բերումով, Երեւանից դրական պատասխանը գալիս է դիմելուց շուրջ երկու տարի անց` սիրիական պատերազմի ժամանակ:

«Մինչ այդ արդեն եղբայրս ընտանիքով տեղափոխվել էր Երեւան, եւ ես ու մայրս որոշեցինք գալ Հայաստան, որպեսզի մեր անձնագրերը վերցնեինք, նաեւ եղբորիցս եւ նրա զավակներիցս կարոտներս առնեինք: Մենք չէինք ենթադրում, որ այստեղ երկար էինք մնալու. Առավելագույնը՝ երկու ամիս:  Մենք Երեւան եկանք Լիբանանով եւ այնտեղ ընդամենը երկու օրով հանդիպեցի Վարդանին: Մենք երազում էինք միասին ապրելու, ամուսնանալու մասին, սակայն ես եկա Երեւան, իսկ Վարդանը մնաց Բեյրութում: Սիրիայում մենք արդեն ընտրել էինք հարսանիքի օրը, սակայն Հալեպից ամեն օր ավելի ու ավելի վատ լուրեր էին գալիս»,- պատմում է Սեւանն ու հավելում, որ այդպես իր` Երեւանում մնալն ավելի երկարեց: Սեւանը պատմում է, որ Հալեպում գերզբաղված է եղել, ակտիվ կյանք է վարել, աշխատել, մարզվել, մասնակցել համայնքային միջոցառումներին: Այստեղ միջավայրն այլ էր, ծանոթներ էլ գրեթե չուներ: Դժվարություններն ավելի շատացան, երբ Սեւանը որոշեց աշխատանք գտնել:

Քունգֆուի մարզիչն ու Սիրիայում յոթ մեդալ շահած Սեւանը վստահ էր, որ հենց սպորտի ոլորտում կգտնի աշխատանք, սակայն այստեղ իրավիճակն այլ էր. պարզվում է, որ այստեղ այդքան էլ ընդունված չէ աղջիկ մարզիչ ունենալը:

«Սպորտն իմ կյանքն էր, եւ իմ ինքնավստահությունը գալիս էր նրանից, որ սպորտում ես առաջնակարգ մարզիկ էի եւ երբ այստեղ մերժումներ էի ստանում, թեւերս կոտրվում էին: Եթե Հալեպում պետք է պայքարես, որ հայ մնաս, պայքարես քո ինքնության համար ու չկրտվես քո շրջապատից, այստեղ` Երեւանում` հայերի մեջ դու պետք է նախ հասկանաս նրանց, քանի որ լեզվից սկսած մինչեւ կենաղային մշակույթ եւ մտածելակերպ մենք շատ տարբեր ենք»,- ասում է Սեւանն ու հավելում, որ սկզբում ցանկացած դժվարություն էլ տհաճ է, սակայն նա կյանքի հարվածներին մոտենում է մարզիկի փիլիսոփայությամբ ու հավելում, որ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել. կարեւորը դրական տրամադրվելն ու չնահանջելն է:

Քանի որ Հալեպում Սեւանն աշխատել էր նաեւ որպես գրաֆիկ դիզայներ, այստեղ անտիսրճարանում նախ ընդունվեց աշխատանքի որպես գրաֆիկ դիզայներ, այժմ նաեւ համակարգողն է եւ կազմակերպում է սրճարանում անցկացվելիք միջոցառումները: «Սա նոր կյանք էր, նոր իրավիճակ, եւ եթե մենք Հալեպում այնքան չխոսեինք Հայաստանի մասին, եթե մեզ դպրոցում այնքան չպատմեին Հայաստանի մասին, եւ եթե մեզ մանկուց չսովորեցնեին սիրելի հայրենիքը, հավատացեք, ես չէի կարողանա այստեղ ապրել: Ես էի ու իմ սերը հայրենիքի հանդեպ: Եւ, կարծես, մենք երկուսով կարողացանք հաղթահարել խնդիրները:

Այդպես անցավ շուրջ մեկ տարի, եւ Վարդանը վերջապես կարողացավ գալ Երեւան. մենք ամուսնացանք ու որոշեցինք մշտական բնակություն հաստատել այստեղ»,- ասում է նա:

Լուսանկարները`Էդուարդ Սեպետչյանի

Այժմ Սեւանն ու Վարդանն առաջնեկին են սպասում: «Իմ փոքրիկը բախտավոր է, քանի որ իմ պապերի ցանկությունն ինքն է կատարում: Ես ցեղասպանության երրորդ սերունդն եմ, իմ պապերը երազում էին հայրենիք վերադառնալ եւ այստեղ զավակներ ունենալ: Այժմ, իմ զավակը կկատարի նրանց երազանքը եւ կծնվի հայրենիքում»,- ասում է նա ու հավելում, որ փոքրիկն իրեն ստիպում է դրական ու լուսավոր բաների մասին մտածել: Հավատում է, որ դժվարությունները ժամանակավոր են, եւ խնդիրները շուտով կլուծվեն:

«Դժվարություններ շատ ունեմ, բայց կան շատ առավելություններ: Ի վերջո, հայն ո՞ւր պետք է լինի, հայը պետք է ապրի Հայաստանում: Ես չեմ մտածում որեւէ այլ տեղ հեռանալու մասին: Ես ուզում եմ, որ Հայաստանից ոչ ոք չհեռանա, որ բոլորն այստեղ աշխատեն, այստեղ ստեղծեն»,- ասում է նա: Ապագան էլ նա տեսնում է լուսավոր ու պայծառ` սեփական տանը, շատ երեխաներով, կայացած, երջանիկ ու ապահով: Երեւանում էլ Սեւանն ամեն օր հետեւում է, թե ինչ է կատարվում Սիրիայում: Պատճառն այն է, որ Հալեպն իր ծննդավայրն է ու այնտեղից շատ հիշողություններ ունի: Սեւանը խոստովանում է, որ Հալեպի կյանքից ամենից շատը կարոտում է ընկերներին, միջավայրն ու ընտանեկան հավաքները. ասում է` պատերազմն իրեն հեռու տարավ մանկության ընկերներից, իսկ ընտանիքը պառակտեց. եղբայրներից մեկը Շվեդիայում է, մեկը` Հայաստանում, երկուսը՝ Սիրիայում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am