Քաղաքականություն

Բուդապեշտում կբացվի ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանությունը. ԱԺ փոխնախագահն հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանի՝ ազգային փոքրամասնությունների պատգամավորների

2 րոպեի ընթերցում

Բուդապեշտում կբացվի ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանությունը. ԱԺ փոխնախագահն հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանի՝ ազգային փոքրամասնությունների պատգամավորների

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարևոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան ևս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երևանում:

Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, փոխշահավետ համագործակցության տեսանկյունից՝ խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործումը։ Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային ժողովում, ինչը նրանց հուզող համայնքային խնդիրները բարձրացնելու և լուծելու հնարավորություն է տալիս:

«Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խորը ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական և էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- հավաստել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները, մանրամասնել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի էությունը: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, կարևորվել է Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ և անվտանգ վերադարձը:

Նշվում է, որ Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը և սերբ ինքնավարության խոսնակ Լյուբոմիր Ալեքսովը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը, ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում