Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պատգամավորը սահմանադրական բարեփոխումներից հետո բացառում է միակուսակցական կառավարման հնարավորությունը

Պատգամավորը սահմանադրական բարեփոխումներից հետո բացառում է միակուսակցական 
կառավարման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե սահմանադրական բարեփոխումները միտված են երկրում միակուսակցական կառավարման համակարգի ձևավորմանը: Նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով ստեղծվում են ներքին ժողովրդավարության մեխանիզմներ, որը կբացառի երկրում միակուսակցական իշխանության ձևավորման հնարավորությունը: «Փոփոխությունների ընդունման դեպքում ընտրությունների առաջին փուլից հետո ձայների մեծամասնությունը ստացած քաղաքական ուժը կարող է մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել և ձևավորել կառավարություն, որի դեպքում ընտրությունների երկրորդ փուլի կարիք չի լինի: Միևնույն ժամանակ, ընտրությունների արդյունքում երկրորդ տեղ գրաված քաղաքական ուժը կարող է բանակցել մյուս քաղաքական ուժերի հետ, ստեղծել կոալիցա և ձևավորել կառավարություն: Ահա սա է այն ներքին ժողովրդավարության էլեմենտը, որը քաղաքական դաշտին տալիս է լայն հնարավորություն, ինչը չի տալիս գործող Սահմանադրությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նիկոյանը:

Պատգամավորն ասվածը հիմնավորելու համար օրինակ բերեց Հայաստանի քաղաքական դաշտում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձություններից մեկը: Նա հիշեցրեց Հայաստանում նախագահական վերջին ընտրությունները, որի արդյունքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին մեծ թվով ձայներ էր ստացել: «Եթե այն ժամանակ մեզ մոտ լիներ ոչ թե կիսանախագահական, այլ խորհրդարանական կառավարման համակարգ, «Ժառանգություն»-ն այդ ձայներով կարող էր դառնալ խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը: Իսկ այդ ժամանակ այդ կուսակցությունը ոչինչ չստացավ: Այդպես կլիներ նաև, եթե ձաները բաժանվեին, օրինակ, 50.1 ու 49.9 հարաբերակցությամբ, որովհետև գործող համակարգում ընտրություններում հաղթող քաղաքական ուժը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ: Խորհրդարանական կառավարման համակարգում այս ամենը չի լինի, մենք չենք ունենա շատ ընտրողների ձայները հավաքած քաղաքական ուժ, որը պարտվող կլինի, իսկ այդ դեպքում չենք ունենա նաև պարտվող ընտրող, ինչը մեզ համար շատ կարևոր է»,- եզրափակեց Նիկոյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց Սամվել Նիկոյանի դիտարկումների հետ՝ ընդգծելով, որ սահմանադրական փոփոխություններով առաջարկվող համակարգ որևէ այլ երկրում գոյություն չունի:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կկայանա դեկտեմբերի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am