Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը

Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել չմասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնակալման արարողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Ես ուղերձ եմ հղել ԵՄ անդամ բոլոր երկրներին, որտեղ նշել եմ, որ ճիշտ եմ համարում չմասնակցել այդ արարողությանը: Իմ խորհուրդն է չանել դա, և ես կարծում եմ, որ անդամ երկրների մեծ մասի ներկայացուցիչները չեն գնա երդմնակալությանը։ Բացի այդ, Պուտինը մարդ է, որը մեղավոր է ճանաչվել Միջազգային քրեական դատարանի կողմից», - հայտարարել է Բորելը մայիսի 7-ին։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ սկզբում ԵՄ անդամ երկրների միջև քննարկում է եղել Պուտինի երդմնակալությանը մասնակցելու կամ չմասնակցելու շուրջ, և եթե այո, ապա ինչ մակարդակով՝ դեսպանների, թե գործերի հավատարմատարների։

«Բայց ինձ համար դիրքորոշումը պարզ էր: Ուկրաինացիների և աշխարհի բազմաթիվ մարդկանց համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչու ենք մենք մասնակցում Պուտինի երդմնակալությանը՝ մի մարդու, որը դատապարտված է Միջազգային քրեական դատարանի կողմից, որը պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի համար, մի մարդու, որի ընտրվելը մենք վիճարկում ենք, քանի որ այն ազատ չի եղել, իսկ ընտրություններն` արդարացի: Դա ակնհայտ հակասություն կլիներ», - պարզաբանել է Բորելը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը «լիովին ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ մասնակցել, թե չմասնակցել արարողությանը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Մոսկվայում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը։ Նա նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 6 տարի՝ մինչև 2030 թ․ մայիսի 7-ը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am