ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամանադրական բարեփոխումների նախագիծը հանրապետության համար մեկ քայլ առաջ է, այդ պատճառով էլ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների նախագծում «այո»-ի կողմնակից է: «Արմենպրես» -ի հաղորդմամբ` նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
«Ներկայացված Սահմանադրության նախագիծը հանրապետության համար մեկ քայլ առաջ է` խորհրդարանական ընտրությունների ենք անցնում, համամասնական ընտրություններ պետք է լինեն, ընդդիմադիր կուսակցություններին հնարավորություն կտրվի մասնակցել իշխանությունների բոլոր թևերի ձևավորմանը»,- հավելեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը:
Սարգսյանի փոխանցմամբ` ՀԿԿ-ն ձևավորել է սահամանդրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շտաբ , որտեղ աշխատանքներ են տարվում կոմունիստներին ներկայացնելու նոր Սահմանադրության առավելություններն ու թերությունները: Նրա խոսքով`Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր քարոզարշավներն անցկացնում է առանձին, քանի որ որևէ այլ կառույցի միանալու անհրաժեշտություն չունի:
ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին: