Սոցցանցերում ծաղրել են Էրդողանի և Մերկելի լուսանկարը ոսկեզօծ աթոռներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Յըլդըզ պալատում, որը ժամանակին պատկանել է Օսմանյան սուլթաններին, սոցիալական ցանցերում տարբեր քննարկումների առիթ է դարձել: Համացանցի օգտատերերը զավեշտալի են համարել հատկապես այն ոսկեզօծ բազկաթոռները, որոնց վրա հանդիպման ժամանակ նստել են երկու երկրների առաջնորդները:
Հայտնի ամերիկյան Mashable լրատվականի գլխավոր խմբագիր Ջիմ Ռոբերտսը կիսվել է լուսանկարով` գրելով. «Չեմ կարող հավատալ, որ նա ստիպված է եղել նստել այս աթոռին»:
Angela Merkel can’t believe she has to sit in that chair. https://t.co/1VAMiR6pWh
— Jim Roberts (@nycjim) 18 октября 2015
Բլումբերգում Թուրքիայի հարցերով գրասենյակի ղեկավար Բենջամին Հարվեյը ևս հրապարակել է այդ հայտնի լուսանկարը` նշելով. «Մերկելը, ով ցանկանում էր խուսափել զավեշտալի լուսանկարից, Էրդողանի նոր պալատում»:
Merkel, who wanted to avoid an "awkward photo op" at Erdogan's new palace in #Ankara, pictured here in #Istanbul: pic.twitter.com/MxbcQMJS2A
— Benjamin Harvey (@BenjaminHarvey) 19 октября 2015
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Թարաֆ» պարբերականը ևս առանձնացրել է մի շարք թուրք օգտատերերի թվիթերյան գրառումները, որոնք ոչ պակաս ուշագրավ են:
Էսենյուրթի քաղաքապետ Գյուրբուզ Չափանը նշել է, որ այդ բազկաթոռներին նայելիս տպավորություն է ստեղծվում, որ փախստականների համար գումար խնդրողը ոչ թե Էրդողանն է, այլ Մերկելը:
Թուրքական Zeitung սատիրիկ լրատվություն ապահովող էջը, հրապարակելով լուսանկարը, մեջբերել է Մերկելի հորինված խոսքերը, որտեղ ասվում է. «Մենք նման գահ ունենայինք, ես էլ վեր չէի կենա»:
Թուրք լրագրող Ասլը Այդընթաշբաշը գրել է. «Գերմանիան որ Գերմանիա է, նման աթոռ չի տեսել»:
Թուրք դասախոս և սյունակագիր Սեդաթ Լաչիները նշել է. «Ասես ոչ թե աթոռի, այլ գահի են բազմել: Եթե նրա կողքը Էրդողանը չլիներ, կկարծեի Մերկելը հեռավորարևելյան մի թագավորությունում է»: