Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՄԻԵԴ վճիռը վկայում է, որ կարելի է պատասխանտվության կանչել Հայոց ցեղասպանության ժխտման համար. Ջեֆրի Ռոբերտսոն

ՄԻԵԴ վճիռը վկայում է, որ կարելի է պատասխանտվության կանչել Հայոց ցեղասպանության 
ժխտման համար. Ջեֆրի Ռոբերտսոն

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում հայկական  փաստաբանական թիմի անդամ, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռը հայերի համար նպաստավոր է համարում: «Երբ ուշադիր կարդում ես, ապա հասկանում ես, որ այս որոշումն ամբողջությամբ չեզոքացնում է ՄԻԵԴ ստորին պալատի նախորդ որոշումը, երբ կասկածի տակ էր դրվել Ցեղասպանության փաստը: Բացի այդ, ՄԻԵԴ-ը հայտարարում է, որ հայ ժողովուրդը հարգանքի իրավունք ունի և Ցեղասպանության մասին հայերի հայացքները պետք է հարգվեն, և նշում է, որ այդ հայացքները պետք է պաշտպանվեն»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ը, հայտարարել է Ռոբերտսոնը:

Նրա խոսքով` եվրոպական բարձրագույն դատարանը նաև նշել է, որ ողջ Եվրոպայում հայ ժողովուրդը պետք է հարգվի իր պատմության և ընկալումների համար` Ցեղասպանությունից տառապելու տեսանկյունից: «Սա իսկապես լավ բացահայտում է. դա նշանակում է, որ կարելի է պատասխանտվության կանչել Ցեղասպանության ժխտման համար, դա ատելության մաս է: Եվ դատարանն ասաց, որ եթե փորձում ես արդարացնել հայ ժողովրդի ցեղասպանությունը, ապա  պետք է դատապարտվես»,- նկատել է Ռոբերտսոնը:  

Եվրոպական դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 15-ին հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը: Հայաստանի կառավարությունը համարում է, որ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին: Միևնույն ժամանակ, դատարանի որոշման համաձայն` Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը:

2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի դեմ՝ նույն թվականի մայիսին, հուլիսին և սեպտեմբերին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը հրապարակայնորեն հերքելու և մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որպես «միջազգային կեղծիք» որակելու համար: 

Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: 

Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը:

2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները, որին Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ:

ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած փաստաբանական թիմի կազմում են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am