Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենետիկի հանձնաժողովի նախագահը դրական է գնահատում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

Վենետիկի հանձնաժողովի նախագահը դրական է գնահատում Հայաստանում սահմանադրական 
բարեփոխումների գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի ողջույնի խոսքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Վենետիկի հաքնձնաժողովի նախագահը պատրաստակամություն էր հայտնել ներկա գտնվել սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը, սակայն որոշ հանգամանքների բերումով չի կարողացոլ Հայաստան ժամանել, ուստի նրա ելույթը կընթերցի Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանը և Վենետիկի հանձնաժողովը, Հայաստանը և ես միասին երկար ճանապարհ ենք անցել: Սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ առաջին անգամ համագործակցել ենք 2001թ.: Այդ ժամանակ բավականին դրական եզրակացություն տվեցիք մեր ներկայացրած տեքստի վերաբերյալ: Այնուհանդերձ, ինչպես գիտեք, 2003թ. մայիսին սահմանադրական հանրաքվեն չկայացավ: Հիշում եմ անհանգիստ վիճակը Հայաստանում: Հիշում եմ, որ բազմաթիվ հայեր հիասթափված էին: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կրկին անգամ ստացվեց 2004-2005թ. բարեփոխման շրջանակում: Երևան եկա 2004թ. հունվարին՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկին: Այդ ժամանակ ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանը, պահանջեց էական փոփոխություններ Հայաստանում, մասնավորապես, անցում խորհրդարանական համակարգի, մինչդեռ իշխող կոալիցիան որոշում կայացրեց պահպանել կիսանախագահական համակարգը: Այն ժամանակ հիշեցրեցի Ազգային ժողովին, որ Վենետիկի հանձնաժողովը բազմաթիվ անգամ շեշտել է, որ կառավարման ցանկացած համակարգ՝ նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական, կարող է ներդաշնակեցվել ժողովրդավարական չափանիշներին՝ պայմանով, որ խորհրդարանին վերապահվեն վերահսկողական բավարար լիազորություններ գործադիր ճյուղի նկատմամբ, ուստի ընտրությունը հիմնավոր էր, հիմնավորապես քաղաքական ընտրություն, որի իրավունքը պատկանում է բացառապես տվյալ երկրի ժողովրդին: 2004թ. հունվարին կառուցողական դիրքորոշման կոչ արեցի: Ընդդիմությանն առաջարկեցի Հայաստանի համար կենսունակ բանաձև գտնել, աշխատել բավարար զսպումներ և հակակշիռներ պարունակող Սահմանադրության ուղղությամբ, որպեսզի նախագահական համակարգը հնարավորինս մոտեցվի խորհրդարանականին, որին նրանք ձգտում էին հասնել, ինչպես նաև ստանալ Սահմանադրություն, որը հնարավորինս առաջադիմական կլիներ: Պնդում էի, որ կգա օրը, երբ իրավիճակը Հայաստանում հասունացած կլինի կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու համար: Բոլոր քաղաքական կուսակցություններին առաջարկում էի մինչ այդ պահը Սահմանադրությանը հնարավորություն ընձեռել, որպեսզի այն գործի ժողովրդավարական եղանակով: Անցել է 10 տարի: Կրկին ծագել է Հայաստանում քաղաքական համակարգի ճիշտ ընտրության հարցը: Այս անգամ առաջարկվում է ռացիոնալացված խորհրդարանական համակարգ: Այսօր դուք պետք է որոշեք` կատարել այդ ընտրությունը, թե ոչ: Կառավարման ցանկացած ձևի գործունեությունը սերտագույնս կապակցված է ընտրական համակարգին: Խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն զուգահեռ կայունությունը և կառավարելիությունը երաշխավորելու նպատակով առաջարկվել է անցում կատարել ամբողջովին համամասնական համակարգի, որում հնարավոր է ճշգրտում կատարվի մեծամասնության բոնուսի սկզբունքով: Այս հարցը թեժ բանավեճի առիթ է տվել ձեր երկրում: Ժողովրդին ներկայացնելու խորհրդարանական գործառույթին, թե գործադիր իշխանության լեգիտիմության բարձրացմանը նախապատվություն տալը նույնպես հիմնարար քաղաքական ընտրքություն է, որը կայացնելու իրավունքը պատկանում է բացառապես ժողովրդին: Վենետիկի հանձնաժողովը, սակայն, չի կարծում, թե ընտրական համակարգի էությունը պարտադիր է շատ կարծր ձևով ամրագրել Սահմանադրության տեքստում: Առաջարկվող փոփոխությունների նախագիծն այժմ վերջնական ընտրությունը թողնում է սահմանադրական բարեփոխումներից հետո ընդունվելիք ընտրական օրենսդրությանը: Ես խոսեցի կառավարման համակարգի փոփոխությունների մասին, սակայն փոփոխությունների նախագիծը մարդու իրավունքների շատ ժամանակակից ցանկ է պարունակում, որը համահունչ է եվրոպական և միջազգային չափանիշներին: Փոփոխությունների նախագիծն ամրապնդում է դատական իշխանության անկախությունը, սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ամրագրում է կարևոր պետական մարմինների, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վերահսկիչ պալատի վերահսկողական լիազորությունները: Կրկնում եմ, որ այս տեքստը հայաստանցի մասնագետների աշխատանքի արգասիք է: Այն պատրաստել են Հայաստանի պայծառագույն իրավական մտածողները, ովքեր հաշվի են առել Հայաստանի սահամնադրական պատմությունը: Կարող եմ ասել, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները Հայաստանի սահմանադրական պատմության մասնիկն են: Այս տեքստը հիմնվում է Վենետիկի հանձնաժողովի նախկին և նոր եզրակացությունների վրա; Սահմանադրական բարեփոխումը պատմաքաղաքական որոշակի իրավիճակի արգասիք է: Անկասկած, այն բազմաթիվ նպատակների և օրակարգերի է ծառայում: Այն կարող է նխաձեռնվոլ հասարակական պահանջի, քաղաքական կամքի,  միջազգային  ճնշման կամ այդ բոլոր գործոնների կամ դրանցից մի քանիսի համադրության արդյունքում: Վենետիկի հանձնաժողովը չէ, որ պետք է որոշի, թե արդյոք պահը հարմա՞ր է դրա համար կամ, որո՞նք են դրա ուղղակի կամ անուղղակի նպատակները: Անկախ բարեփոխումը նախաձեռնելու դրդապատճառներից՝ սահմանադրական բարեփոխումը հիասքանչ հնարավորություն կարող է լինել, եթե այն համապատասխանում է եվրոպական և ժողովրդավարական չափանիշներին: Ժամանակի ընթացքում, ժողովրդավարական գործելակերպի պայմաններում սահմանադրական նոր կանոնները կարող են շարժիչ ուժ դառնալ հասարակության զարգացման և պետության ժողովրդավարությանն ավելի բարձր մակարդակին անցումն ապահովելու համար:

Հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է, ընտրության օրն այսօր է: Եթե ձեռք եք բերել քաղաքական լայն համաձայնություն, եթե որոշեք ընդունել այս փոփոխությունները, ապա բարեփոխումն իրագործելու կամ չիրագործելու վերջնական իրավունքը վերապահված է հայ ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով: Ինձ մնում է միայն ընդգծել, որ այս հանրաքվեն պետք է լինի միջազգային չափանիշներին համահունչ և արտահայտի հայ ժողովրդի կամքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am