Տարածաշրջանային

Քըլըչդարօղլուն մեղադրել է Էրդողանին կոլաիցիա կազմելու գործընթացը խափանելու համար

2 րոպեի ընթերցում

Քըլըչդարօղլուն մեղադրել է Էրդողանին կոլաիցիա կազմելու գործընթացը խափանելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոալիցիա կազմելու գործընթաóը խափանելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Քեմալական կուսակցության առաջնորդի համոզմամբ՝ վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն կողմ է կոալիցիա կազմելուն, սակայն նրան այս հարցում խանգարում է Էրդողանը: «Է~յ, ընկե՚ր, դու վարչապե՞տ ես, թե նախագահ: Ինչո՞ւ ես խառնվում վարչապետի գործերին: Վարչապետ Դավութօղլուն անկեղծորեն ցանկանում է կոալիցիա կազմել: Սակայն նախագահականում նստող անձը թույլ չի տալիս: Ընկե՚ր, առավոտից երեկո ինչո՞ւ ես խոսում: Դարձել ես բոլոր խնդիրների աղբյուրը: Քո աթոռից ողջ երկիրը կրակի մեջ ես նետում: Մտածի՚ր երկրի մասին: Զոհեր ենք ունենում, նրանց մասին ընդհանրապես չե՞ս մտածում: 13 տարի երկիրը ղեկավարեցիր, ի՞նչ եղավ, որ երկիրն այս օրին հասցրեցիր»,- նշել է Քըլըչդարօղլուն:

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ զբաղեցնել խորհրդարանում: Ինչի պատճառով Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար բանակցում է խորհրդարան անցած Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում և քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ:

Բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ հավանական է` ԱԶԿ-ը կոալիցիա ստեղծի ԺՀԿ-ի հետ, սակայն, Թուրքիայի վերնախավին մոտ կանգնած շրջանակները հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համառորեն դեմ է հանդես գալիս կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Էրդողանը մեկ անգամ եւս հայտարարել էր, որ «կոալիցիոն կառավարությունը չի կարող ապահովել Թուրքիայի հետագա զարգացումը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում