Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ձեզնից է կախված, թե ապագայում Հայաստանն աշխարհում ինչ դեր է ունենալու. Նախագահը` «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին

Ձեզնից է կախված, թե ապագայում Հայաստանն աշխարհում ինչ դեր է ունենալու. 
Նախագահը` «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության Նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ:

Մինչ հանդիպումը, Հիմնադրամի` «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցած թիմերը կենտրոնի նախասրահում Նախագահին ներկայացրել են իրենց համայնքներում իրականացրած նախագծերը, որտեղ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերը փորձել են օգտագործել ի բարօրություն Հայաստանի:

Ծրագրի հինգ համայնքներում իրականացրած ենթածրագրերի հակիրճ նկարագրությունից և միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների միջանկյալ արդյունքների ամփոփումից հետո դահլիճում կայացած հանդիպմանը «Լույսի» շրջանավարտները ևս, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանում, ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, իսկ Հիմնադրամի աշխատանքային հատուկ խմբերը՝ կրթության, ճարտարապետության, ձեռներեցության և տվյալների գիտության ոլորտներում իրենց աշխատանքները, «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթի հաղթողները՝ իրենց ծրագրերը: «Ստարտ Արմենիա» մրցույթի հաղթողներին Հանրապետության Նախագահը հանձնել է հավաստագրերը և պարգևներ:

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: 2015-2016թթ. կրթաթոշակի արժանացել է 53 նոր ուսանող, 54 ուսանող «Լույսի» աջակցությամբ շարունակում է կրթությունը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:

«Անշուշտ, ամեն տարի ես մեծ հաճույքով եմ սպասում այս հանդիպմանը: Նախ` ուզում եմ շնորհավորել «Լույս» հիմնադրամի այս տարվա շահառուներին, բոլոր նրանց, ովքեր այս տարի ընդունվել են աշխարհի լավագույն բուհեր և արդեն ստացել են «Լույս» հիմնադրամի աջակցությունը: Մեր ժամանակներում, կարծում եմ, առավել ևս այս լսարանում, ավելորդ է խոսել կրթության կարևորության մասին: Բայց, որպես Հայաստանի Նախագահ, ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ ձեր Հայրենիքը, ձեր պետությունը պատրաստ է միշտ գտնվելու ձեր կողքին՝ ձեր մասնագիտական ունակությունները, ձեր գիտելիքները կատարելագործելու ճանապարհին: Խելոք մարդիկ, մրցունակ մասնագետներ անհրաժեշտ են բոլոր երկրներում, իսկ մեր երկրում՝ առավել ևս: Ուստի, նորից եմ կրկնում՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի դուք կարողանաք հասնել ձեր հնարավորությունների առավելագույնին:

Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում, և արագ զարգացող աշխարհում անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ սերունդ ստանա ավելի լավ կրթություն, քան նախորդը. լինի ավելի խելացի, լինի ավելի շատ ինֆորմացված և ավելի ճիշտ որոշումներ կայացնի: Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում աճում է լավ սերունդ՝ հենց ձեզ փոխարինող սերունդը, որ վերջին մի շաբաթվա ընթացքում ինձ ուղղակի երջանկացրեց: Հավանաբար, գիտեք, իսկ եթե չգիտեք՝ իմացեք, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել համաշխարհային երեք առարկայական օլիմպիադաներ՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից և կենսաբանությունից, որտեղ Հայաստանի 15 մասնակիցներից 14-ը տուն են վերադարձել մեդալներով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ այդ տվյալները համեմատելով տարածաշրջանի այլ երկրների աշակերտների շահած մեդալների քանակի հետ, ըստ որի՝ Հայաստանը բավականին մեծ առավելություն ունի:

Նախագահը շնորհակալություն է հայտնել «Լույսի» ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր, աշխարհի լավագույն բուհերում ստանալով գիտելիքներ, վերադառնում են Հայրենիք և այդ գիտելիքը ծառայեցնում մեր ժողովրդի բարօրությանը:

«Վստահ եմ, որ ձեզնից շատերը կարող էին այդտեղ մնալ, այդտեղ աշխատել: Դա էլ տարբերակ է, բայց կարծում եմ՝ լավագույն տարբերակը չէ: Լավագույն տարբերակը այս պահն է, երբ բոլորդ միասին հավաքվում եք Հայաստանում. մեկը գնում է Գարգառ, մյուսը՝ Շուշի, երրորդը՝ Գյումրի, և փորձում է մի օգտակար բան անել մեր երկրի համար: Շատ լավ ծրագրեր եք իրականացնում: Ապրե՛ք բոլորդ: Այս կարճ խոսքս ուզում եմ ավարտել ձե՛ր իսկ կարգախոսով՝ միասին զարգացնենք Հայաստանը: Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական այս վայրիվերումների ընթացքում մենք, հանկարծ, կարող ենք մնալ ցածր աստիճանին: Ձեզնից է կախված, թե եկող տասնամյակների ընթացքում Հայաստանը աշխարհում ինչ դեր է ունենալու, բայց որ ամենակարևորն է՝ Հայաստանը ունենալու՞ է հավերժ գոյություն ունենալու իրավունք, թե՞ կասկածի տակ է առնվելու:

Ես վստահ եմ, որ մենք այսօր այդ իրավունքը ունենք, այդ հնարավորությունը ունենք, ու նաև, իհարկե, լիահույս եմ, որ դուք այդ իրավունքը շատ ամուր եք պահելու: Անցնելու է 10-15 տարի, այս դահլիճում նստած մարդիկ են մեր երկիրը ղեկավարելու: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ, որ դուք ձեր այս ժամանակը, այս տարիքը, իրոք, օգտագործեք գիտելիք և մարդկային որակներ ձեռք բերելու համար»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիլիջանից Նախագահը մեկնել է Բերդ քաղաք: Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am