Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը

Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած 
գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը մայիսի 2-ին մի խումբ գիտնականների հանձնվեց Եվրոպական հանձնաժողովի և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի խորհրդանշական մրցանակը, որը տրվել է «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը (Հայաստան/Ֆրանսիա)» ծրագրի համար:

Մրցանակը տեղադրվելու է Երերույքի տաճարի պատին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծեց, որ Շիրակի մարզի միջնադարյան և վաղ քրիստոնեական շրջանի Երերույքի համալիրը խորհրդանշական վայր է: «Այն նախկին մայրաքաղաք Անիին բավականին մոտ է, և ասում են, որ առեղծվածային վայր է, բայց այդ առեղծվածի գոնե մի մասը բացահայտվել է, որովհետև հուշարձանը բավականին լուրջ հետազոտությունների առարկա է դարձել, որն իրականացվել է 2009-2016 թվականներին Պատրիկ Տոնապետյանի ղեկավարությամբ»,-շեշտեց դեսպանը:

Նրա խոսքով՝ «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակն արժևորում է այն ամբողջ գիտական աշխատանքը, որը կատարվել է, և նրանց, ովքեր իրականացրել են ծրագիրը: «Մրցանակը նաև հարգանքի տուրք է հայկական ժառանգությանը այն պահին, երբ այդ ժառանգությունը սպառնալիքի տակ է ժամանակի և բնական տարերքների ազդեցության ներքո, մարդկանց բարբարոսությունների պատճառով: Այս պահին խոսքս այն մտահոգիչ լուրերի մասին է, որ մեզ են հասնում Լեռնային Ղարաբաղից: Սա նաև հրավեր է շարունակելու մեր ջանքերը վերականգնման միջոցով, որին աջակցում է ԱՄՆ դեսպանությունը և արժևորման ու ցուցանակների ծրագրերի միջոցով, որին աջակցում է Ֆրանսիայի դեսպանությունը: Այս տարի ծրագրին հատկացնում ենք 600 հազար եվրո»,-տեղեկացրեց դեսպանը:

Եվրոպական միության պատվիրակ Վասիլիս Մարագոսն էլ շեշտեց՝ Հայաստանն ունի հազարամյա պատմություն, շատ վառ մշակույթ, բացառիկ գանձեր՝ եկեղեցիներ, հուշարձաններ, վանքեր, ձեռագրեր, որոնք փառավոր անցյալի վկայությունն են:

«Հայաստանը միայն բաց երկնքի տակ թանգարան չէ, նրա ժառանգությունը նպաստում է սոցիալական ու մշակութային կյանքի զարգացմանը, և բոլորս պարտավոր ենք այնպես անել, որ այդ ժառանգությունը պահպանվի և արժևորվի»,-նշեց Մարագոսը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ Երերույքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության նախնական ցանկում, սակայն նախարարությունը նախատեսում է անել հնարավորը, որ այն ընդգրկվի հիմնական ցանկում: «Հաշվի առնելով հուշարձանի պատմաճարտարապետական և գիտական բացառիկ նշանակությունը՝ նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից պատրաստվել է և 2021 թվականի մայիսի 21-ին կայացած գիտամեթոդական խորհրդում հավանության է արժանացել Երերույքի տաճարի և փոքր դամբարանի ամրակայման, մասնակի վերականգնման նախագիծը: Բոլորովին վերջերս նախագիծը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից ներկայացվել ու արժանացել է ԱՄՆ դեսպանների մշակութային պահպանություն հիմնադրամի դրամաշնորհին»,-ասաց փոխնախարարը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ «Եվրոպա Նոստրա»-ն միշտ ուշադրության կենտրոնում է պահել Երերույքի տաճարը և 2016 թվականին այն ներառել է կազմակերպության 7 ամենավտանգված հուշարձանների ցանկում:

Միջոցառմանը ներկա էր «Եվրոպա Նոստրա»-ի փոխնախագահ Քրիստինա Լոլիոն:

Հավաստիացնում է՝ մրցանակն արժևորում է այն արտակարգ աշխատանքը, որ արել են բոլորը: «Այս ծրագիրը վաղուց է ծնվել. սկզբում Երերույքը բավականին ռիսկային հնավայր էր: Ամեն տարի մենք ընտրում ենք  7 ամենավտանգված վայրը: Այժմ այդ ցանկում 70 հնավայր կա: Տասը տարի առաջ է ծրագիրը մեկնարկել: Ընդամենը երկու օրինակ ունենք, որ վտանգված վայրերը դուրս են եկել դժվարին վիճակից: Երերույքը դրանցից մեկն է»,-շեշտեց նա և հավելեց՝ մրցանակը շնորհվել է հետազոտական աշխատանքի համար, ինչը նշանակում է, որ գործելուց առաջ պետք է մտածել, ինչը պահանջում է ժամանակ, բավականին մեծ ջանքեր ու տնտեսական աջակցություն:

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախմբի ղեկավար Պատրիկ Տոնապետյանն ասաց՝ արշավախումբը սկիզբ է առել Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանից և  Երերույքում աշխատել է 2009-2016 թվականները՝ սերտ համագործակցելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Գյումրիի երկրաբանական թանգարանի հետ:

«Փորձելով բացահայտել այն առեղծվածները, որ կային այդ բարդ համալիրում՝ մենք բազմամասնագիտական խումբ կազմեցինք՝ դասական (ընդերքի) հնագետներ, շարվածքների մասնագետ, հնագետ-մարդաբան, երկրաչափագիր, տեղագրության  մասնագետ, ճարտարապետ-տեղագրագետ, գծանկարի մասնագետ և հայագետ, արվեստի ու ճարտարապետության մասնագետ»,-նշեց նա: Արշավախմբին աջակցել են պրակտիկանտներ, ասպիրանտներ:

Կատարված աշխատանքի մասին մի շարք հոդվածներ են հրապարակվել: Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի շնորհիվ 2020-ին ամփոփիչ աշխատություն է լույս տեսել:

Հունիսին Տոնապետյանը վերադառնալու է Երերույք՝ աշխատանքը շարունակելու համար:

Մրցանակների հաղթողները հայտարարվել էին դեռ 2023 թվականին:

Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան հնավայրում 2009-2021 թվականներին տարբեր ազգերի փորձագետներ իրականացրել են գիտական, բազմամասնագիտական և էկոլոգիայի ոլորտում առաջատար հետազոտական  աշխատանքներ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ֆինանսավորել է Երերույքի գիտական աշխատանքների և պեղումների մի մասը, ինչպես նաև հնավայրին նվիրված ֆրանսերեն-հայերեն երկլեզու աշխատության հրատարակումը: Դեսպանությունն այժմ աջակցում է Երերույքում ցուցանակների և գիտական հետազոտությունների պիլոտային ծրագրին, որը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am