Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանը պետք է զարգացնի ռազմավարական ապրանքների արտադրությունն ու արտահանումը ԵԱՏՄ. Աշոտ Թավադյան

Հայաստանը պետք է զարգացնի ռազմավարական ապրանքների արտադրությունն ու 
արտահանումը ԵԱՏՄ. Աշոտ Թավադյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Աշոտ Թավադյանը դրական է գնահատում Հայաստանի տնտեսական ակտիվության 3.8 տոկոս աճը, սակայն ընդգծում է, որ երկրի տնտեսական զարգացման սցենարը որոշակի ճշգրտումների կարիք ունի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա հունվար-հունիսին տնտեսական ակտիվությունը 3,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աշոտ Թավադյանն ընդգծեց, որ ցանկալի կլիներ, որ տնտեսական ակտիվության աճը բնութագրվեր արտահանման աճով, որն էական ազդեցություն կունենար Համախառն ներքին արդյունքի աճի վրա: «Սա շատ կարևոր է հատկապես Հայաստանի նման փոքր երկրի համար, քանի որ նման երկրներում, որպեսզի տնտեսությունն ունենա էական աճ, ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունը պետք է լինի 30 տոկոս, մինչդեռ մեզ մոտ այդ ցուցանիշը 15 տոկոս է: Տնտեսական ակտիվության աճն, իհարկե, դրական է, այն կարող է ազդեցություն ունենալ Համախառն ներքին արդյունքի աճի վրա, սակայն էական աճ ունենալու համար հարկավոր է մեծացնել արտահանման ծավալները, ստեղծել աշխատատեղեր՝ տնտեսական ակտիվությունը Համախառն ներքին արդյունքի էական աճի հանգեցնելու համար»,- նշեց տնտեսագետը:

Հարցին, թե ինչո՞ւ են միջազգային կառույցները Հայաստանում այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ վատատեսական և միմյանց հակասող կանխատեսոումներ անում, երբ տարվա առաջին կիսամյակում երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.8 տոկոսով, տնտեսագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ միջազգային կառույցները նման գնահատականներ են տալիս, որովհետև ընդհանուր համաշխարհային տնտեսությունը գտնվում է անորոշ վիճակում: Նման իրավիճակներում նպատակահարմար է ունենալ միջակայքային կանխատեսումներ: Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանի համար կանխատեսում է 0 տոկոս աճ, Եվրոպական բանկն ընդհանրապես 1.5 տոկոս անկում է կանխատեսում, Եվրասիական բանկը՝ 1.5 տոկոս աճ, կառավարությունը՝ 1 տոկոս աճ, Կենտրոնական բանկը՝ մինչև 2 տոկոս աճ: Սա պայմանավորված է հենց համաշխարհաին տնտեսության անորոշ վիճակով»,- ընդգծեց Թավադյանը՝ հավելելով, որ այս տարի Հայաստանը կարող է ունենալ 1 տոկոս անկումից մինչև 1.5-2 տոկոս տնտեսական աճ՝ կախված համաշխարհային տնտեսության զարգացումներից:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ 2015 հունվար-հունիսին աճ է արձանագրվել շինարարության, ծառայությունների մատուցման, գյուղատնեսության ոլորտներում՝ Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական զարգացման սցենարը որոշակի ճշգրտումների կարիք ունի: «Մեր տնտեսությունն արդեն 20 տարի զարգանում է հետևյալ սցենարով՝ մանրածախ առևտրի աճ, ծառայությունների աճ, շինարարության աճ: Իսկ արտահանման մեծ ծավալը բաժին է ընկնում գունավոր մետաղների հումքին: Մենք, օգտվելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից, պետք է տվյալ սցենարի որոշակի ճշգրտումներ մտցնենք: Այսինքն՝ հարկավոր է արտահանման կտրուկ աճ գրանցել գյուղատնտեսական արտադրանքի խորը մշակման, գունավոր մետաղների հումքի մշակման և պատրաստի արտադրանքի արտահանման, նանոտեխնոլոգիաների ոլորտի զարգացման հաշվին: Նաև կարող ենք օգտվել այն հանգամանքից, որ Եվրասիական տնտեսական միության անդամ ենք՝ զարգացնելով մեր ռազմավարական ապրանքների արտադրությունը և միանալով Ռուսաստանի ծրագրերին, որպեսզի մեր արտահանման ծավալների էական աճ ունենանք: Եվ ամենակարևոր քայլերից մեկն էլ, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարն է: Սա է այն մեխանիզմը, որը կարող է մեզ ճիշտ ճանապարհով տանել»,- ընդգծեց Թավադյանը:

Անդրադռնալով այն հանգամանքին, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ցուցանիշներն ամբողջական չեն լինում՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ այդ իրավիճակը մինչև տարվա վերջ կշտկվի: «Ընդհանրապես բոլոր միություններում էլ սկզբնական շրջանում նման խնդիրներ լինում են: Դրանք ավելի շատ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ են, որոնք, կարծում եմ, մինչև տարվա վերջ կշտկվեն»,- եզրափակեց Աշոտ Թավադյանը:

2015 թվականի հունվար-հունիսին Հայաստանում անկում են գրանցել առևտրի շրջանառության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները: Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0,6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը ևս աճ է գրանցել`1,5 տոկոսով: 2014թ. հունվար-հունիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 3,3 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը երկնիշ աճ է արձանգրել՝ 14,5 տոկոս: Առևտրի շրջանառությունը նվազել է 8,2 տոկոսով և կազմել 973 մլրդ 735.2 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 5,1 տոկոսով աճել է 2014թ. հունվար-հունիսի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10,8 տոկոսով (178 հազար 391 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-հունիսի համեմատ նվազել են 29,8 տոկոսով (1 միլիարդ 932.7 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը նվազել է 11,2 տոկոսով (624.8 մլն դոլար), իսկ ներմուծումը` 36,2 տոկոսով (1 միլիարդ 307.9 մլն դոլար): Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: 2015թ. հունվար-հունիսի արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն`պայմանավորված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am